Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն անհետ կորած զինծառայողի ծնողից գումար հափշտակելու դեպք է բացահայտել


Անհետ կորած զինծառայողի ծնողից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակած քաղաքացի է ձերբակալվել, այնուհետև կալանավորվել, տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ես զղջում եմ իմ կատարած հակաբարոյական և հակաիրավական արարքի համար, քանի որ զինվորի հորից, օգտվելով իր բարոյական և հոգեկան վիճակից, պահանջել եմ գումար խաբեությամբ՝ պատրվակով, որ կարող եմ հատուկ ծառայությունների օգնությամբ հետ բերել իր կորած որդուն։ Կատարել եմ շատ սխալ ու շատ վատ արարք, որի համար զղջում եմ», - ասել է կալանավորված Ա. Հ․-ն։

Ըստ ԱԱԾ-ի, Ա. Հ․-ն անհետ կորածի ծնողին հայտնել է, թե ճշտել է, որ նրա որդին Բաքվի քրեակատարողական հիմնարկներից մեկում է, Բաքվից իբր երկրորդ երկրով Հայաստան տեղափոխելու համար էլ 3000 դոլար է պահանջել ծնողից։

Պահանջած գումարը ստանալու ժամանակ էլ Ա. Հ․-ին բռնել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։

Քրեական գործ է հարուցվել խոշոր չափերով կաշառք ստանալու պատրվակով խարդախության փորձի կապակցությամբ։

ԱԱԾ-ն հայտնում է՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները, տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Սա արդեն երկորդ դեպքն է, երբ ԱԱԾ-ն հայտնում է անհետ կորած զինծառայողի ծնողից կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն կատարելու փորձի մասին։

Նման մի դեպքի առիթով էլ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Գեղարքունիքի մարզի 41-ամյա մի բնակչի, նա կալանավորվել է։

Արդյո՞ք նման քրեական գործեր էլի են հարուցվել, փորձեցինք Գլխավոր դատախոզությունից ճշտել։ Գերատեսչությունից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համարում է, որ պետությունը բավարար ուշադիր չէ գերիների ու անհետ կորածների ծնողների նկատմամբ, այդ պատճառով էլ, ասում է, նման դեպքեր են արձանգրվում․ - «Գերիների, անհայտ կորածների խնդիրների նկատմամբ պետք է լինել չափազանց ուշադիր։ Դա պետք է առաջնային խնդիրը լինի պետության հոգածության։ Ոչ միայն հոգածության, քայլեր ձեռնարկելու, այլև՝ հատուկ ուշադրություն ամեն մի ընտանիքի նկատմամբ։ Այդ մարդիկ ամենախոցելի խավն են պատերազմի շրջանում, պատերազմից հետո, և պետությունը պետք է ասի ինչ է ինքը անում, որ էդ մարդիկ իրենց մի քիչ ապահով զգան։ Էդ ուշադրությունը կարող է բացառել էսպիսի դեպքերը»։

Երեկ, ի դեպ, անհետ կորածների ծնողներին և հարազատներին Պաշտպանության նախարարն է հանդիպել։ Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել է, որ պաշտպանական համակարգում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ անհետ կորածների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղեկությունները հավաքելու, համադրելու, քարտեզագրելու և գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ է համոզված՝ նման դեպքերը հնարավոր է բացառվեն, եթե պետությունն ավելի արդյունավետ աշխատի ոչ միայն ծնողների, այլև ադրբեջանական կողմի հետ․ - «Երբ այս աշխատանքը պատշաճ չի արվում, իմ նշած բոլոր գործոնները հաշվի չեն առնում՝ թե՛ հարազատների աշխատանքը, թե՛ հակառակորդ կողմի հետ երկխոսությունը մարդասիրական իրավունքին վերաբերող խնդիրները լուծելու ուղղությամբ, ինչը, ի դեպ, պիտի դիտարկվի տարանջատ խնդրի քաղաքական կարգավորումից, ապա հայտնվում են մարդիկ, որոնք․․․ ինչպես ասում են՝ սուրբ տեղը թափուր չի մնում... և փորձում են մարդկանց դժբախտությունների վրա շահույթ ստանալու նպատակ հետապնդել և կատարել նման հակամարդկային, հակաիրավական գործողությունները։ Սա միանշանակ պետության բացթողումների հետևանք է»։

Իրավապաշտպանը հիշում է՝ նման խնդիրների նաև առաջին պատերազմի հետևանքով անհետ կորածների ծնողներն են բախվել։

Թե քանի անհետ կորած կա 44-օրյա պատերազմի պատճառով, պաշտոնական թվեր չեն հրապարակվում։ Գերիների թվի մասին ևս պաշտոնական տվյալ չկա։​

Անհետ կորածների վերաբերյալ տվյալներ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ է հավաքում, գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց՝ մինչ այս պահը իրենց 600-ից ավելի անհետ կորածի ծնող է ահազանգել, բայց ցուցակն ընթացքում փոփոխվել է․ - «Նաև հետևել ենք այդ ցուցակի մեջ փոփոխություններին, որովհետև ընթացքում մի մասը հայտնաբերվել է, մի մասը որպես զոհված, մի մասը որպես գերի, մի մասը ողջ վերադարձել է կամ հայտնաբերվել է։ Եվ ցուցակում էս պահին մեր ունեցած տվյալները 400-ի կարգի է»։​

Գերիների թվի մասին ևս պաշտոնական տվյալ չկա։ Գերեվարված անձնանց հարցերով զբաղվող փաստաբանների տվյալներով, Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG