Տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը, այսօր Ազգային ժողովում, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում» օրակարգով փակ ձևաչափով նիստի ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը։
Այվազյանը միևնույն ժամանակ ընդգծել է՝ ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում:
«Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը: Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի բռնազավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը», - ասել է Այվազյանը:
Հայկական կողմը հանձնառու է կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախ և առաջ, պետք է ձևավորվի վստահության միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն, ասել է Այվազյանը՝ վկայակոչելով ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը, մասնավորապես, արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ։
«Միևնույն ժամանակ, մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այս ձևաչափը», - ասել է արտգործնախարարն՝ ընդգծելով․ - «Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որն առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես՝ խաղաղ գործընթացի առաջմղումը»:
Արտգործնախարարն ասել է, որ Եվրասիական տարածաշրջանի վրա կազդի տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում:
Այվազյանը հիշեցրել է՝ հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ռուասատանի և Ադրբեջանի առաջնորդների հունվարի 11-ի հանդիպման արդյունքով ստեղծվել է աշխատանքային խումբ երեք պետությունների փոխվարչապետների համատեղ համանախագահությամբ:
«Ինչպես մատնանշված է եռակողմ հայտարարության մեջ, ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժն առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների», - ասել է արտգործնախարարը։
2020-ի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝
Նախորդ տարվա առաջին եռամսյակից ի վեր համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները բացասաբար են ազդել Եվրասիական տնտեսական միության ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա՝ պայմանավորված նաև տրանսպորտային հաղորդակցության խափանումներով, միության անդամ որոշ երկրներ քաղաքացիների մուտքի արգելքով, այսօր ասել է արտգործնախարար Արա Այվազյանը։
Նրա փոխանցմամբ՝ 2020թ. հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 44 մլրդ. ԱՄՆ դոլար։
Այվազյանն ասել է՝ կանխատեսումներ կան, որ ընթացիկ տարվա ավարտին միության տնտեսությունը կկրճատվի ևս 3,9 տոկոսով։
Արտգործնախարարը սակայն ընդգծել է՝ միևնույն ժամանակ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020թ. նույն ժամանակահատվածում կրճատվել է ընդամենը 2 տոկոսով՝ կազմելով 2,03 մլրդ. ԱՄՆ դոլար։
«Անշուշտ, Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի։ ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրսբերմանն ուղղված միասնական ջանքերը կօգնեն եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ, և կնպաստեն միության ներսում համագործակցային շղթաների առաջացմանը։ Տնտեսական կայուն շուկաների և գործընկերների ձեռքբերումը, եվրասիական հիմնական դերակատարների սերտ համագործակցությունը կնպաստեն Հայաստանի համապարփակ անվտանգության ամրապնդմանը, ինչն իր հերթին իր դրական ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանում», - եզրափակել է արտգործնախարարը։