Ըստ դատահոգեբանական փորձաքննության՝ ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը մեղսունակ է

Ավելի քան երկու տարի առաջ Գյումրիում դաժան ծեծի ենթարկված Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական նիստում այսօր հետազոտվեցին ապացույցները: Նիստերը շարունակվում են ընթանալ հեռավար կարգով՝ ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը փաստաբանի հետ տեսակապով բազայից էր մասնակցում, մյուսները՝ դատարանի դահլիճից:

Մեղադրող կողմը հրապարակեց մեղադրանքի հիմքում ընկած մի շարք փորձաքննությունների եզրակացություններ։ Ըստ դատահոգեբանական փորձաքննության՝ ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը մեղսունակ է:

57-ամյա կինը դաժան ծեծի էր ենթարկվել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան աշխատանքի գնալիս, ստացած ծանր վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում։ Նրա հարազատները բազմիցս են ասել «Ազատությանը»՝ պատկերացում չունեն, թե ինչը կարող էր նման դաժան ծեծի պատճառ դառնալ, քանի որ մահացածը նույնիսկ չէր ճանաչում մեղադրյալին։

Այսօր հրապարակվեց Ջուլիետա Ղուկասյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: 57-ամյա կինը հիմնականում գլխի շրջանում էր հարվածներ ստացել՝ կոշտ բութ առարկաներով։

Դեպքի վայրից շտապօգնությամբ Ջուլիետա Ղուկասյանին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել: Բժշկական կենտրոնի տված եզրակացությամբ՝ հատկապես գլխի հատվածում Ջուլիետա Ղուկասյանին հասցված վնասվածքները անհամատեղելի են եղել նրա կյանքի հետ:

Հիվանդանոցում Ջուլիետա Ղուկասյանը հասցրել է նաև ոստիկանի հետ զրուցել: Մեղադրող Արամ Եդիգարյանն ընթերցեց ձեռագրով գրված միակ ցուցմունքը, որը հասցրել էր տալ գյումրեցի կինը. «Միայնակ գտնվում է ռենտգեն հետազոտության սենյակում և իր մարմնական վնասվածք ստանալու հանգամանքների առթիվ առաջադրված հարցերին Ղուկասյանը հայտնեց, որ մոտ 2 ժամ առաջ իրենց թաղամասում քայլելս իր հետևից ընկել է սլավոնական ազգին բնորոշ արտաքինով մի երիտասարդ, ով առանց որևէ բան ասելու իրեն ծեծել և դիմել է փախուստի»:

Տեղանքի զննության ապացույցի փուլում նիստը հետաձգվեց, քանի որ աշխատանքային օրվա ավարտն էր և տեղանքի քարտեզի նկարագրությունը ռուսերեն թարգմանված չէր: Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 3-ին: