Եվրամիությունը պատժամիջոցներով է սպառնում Մյանմայի զինվորականներին

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը ԵՄ արտգործնախարարների ժողովում, Բրյուսել, 22 փետրվարի, 2021թ.

Եվրոպական միությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Մյանմայի նկատմամբ, եթե այդ երկրում իշխանությունը զավթած զինվորականները չդադարեցնեն բռնությունները և ազատ չարձակեն քաղաքացիական ղեկավարներին ու հեշաշրջման դեմ ցույցերի ընթացքում ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներին:

Այդ մասին այսօր Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովում ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

«Մենք այլևս չենք կարող սոսկ հետևել այդ ամենին և չարձագանքել, մենք կօգտագործենք դեռևս գործող դիվանագիտական լծակները, բայց եթե դրանք արդյունավետ չլինեն, մենք որպես ծայայրահեղ միջոց կօգտվենք Մյանմայի զինվորական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու իրավունքից»,- ասել է նախարարը:

Բանակը փետրվարի 1-ին է զավթել իշխանությունը և կալանավորել է երկրի քաղաքացիական ղեկավարներին, այդ թվում` դեմոկրատական եղանակով ընտրված լիդեր Աուն Սան Սու Չժիին:

Բողոքների ընթացքում սպանվել է առնվազն 2 ցուցարար, կան մեծ թվով վիրավորներ և ձերբակալվածներ:

Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը և պահանջել է ազատել ձերբակալվածներին:

Facebook սոցիալական ցանցը փակել է Մյանմայի պետական հեռուստաընկերության կայքէջը, քանի որ զինվորականների կողմից վերահսկվող հեռուստակայանը նախօրեին հայտարարել է, թե ցուցարարներն իրենց կյանքն են վտանգելու՝ մասնակցելով չարտոնված ակցիաներին: