Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանի դատարանն անփոփոխ է թողել ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ պայմանական դատավճիռն իրականով փոխարինելու Սիմոնովսկի դատարանի վճիռը:
Միաժամանակ դատարանը հաշվի է առել 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2015-ի փետրվար տնային կալանքի պայմաններում Նավալնիի մնալու, ինչպես նաև «Մատրոսկայա տիշինա» բանտում մեկ ամիս գտնվելու հանգամանքը և կրճատել է պատժաչափը:
Այսպիսով Կրեմլի խիստ քննադատը քրեակատարողական հիմնարկում կանցկացնի 2 տարի 5 ամիս:
Նավալնիի փաստաբանները և աջակիցները պնդում են, որ ընդդիմադիր բլոգերին մեղադրանք են ներկայացրել սոսկ քաղաքական դրդապատճառներով և դատարանի որոշումները հետապնդում են որակում:
Արևմտյան քաղաքական գործիչները, միջազգային կառույցները և իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին:
Այսօր ավելի ուշ Բաբուշկինսկի շրջանի դատարանը կանդրադառնա մեկ այլ գործի, որով Նավալնին մեղադրվում է պատերազմի վետերանին զրպարտելու և վիրավորելու մեջ: