ԱՄՆ-ը այսօրվանից պաշտոնապես վերադառնում է կլիմայի հարցերով Փարիզի համաձայնագրին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ թոռնուհու հետ, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ստորագրում է գլոբալ ջերմացման դեմ պայքարի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, 22-ը ապրիլի, 2016թ․

Միացյալ Նահանգները այսօրվանից պաշտոնապես վերադառնում է կլիմայի փոփոխությունների դեմ փարիզյան համաձայնագրին։

Նորընտիր նախագահ Ջո Բայդենը անդամակցության վերականգնումը սկսել էր շաբաթներ առաջ՝ պաշտոնը ստաձնելու հենց հաջորդ օրը, խոստանալով նաև Նահանգները դարձնել առաջատար երկիր գլոբալ ջերմացման դեմ պայքարում։ Իր հանձնառությունն ընդգծելու համար Բայդենը բնության պաշտպանության հարցերով Սպիտակ տան հատուկ հանձնակատար է նշանակել ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրիին։

Ամերիկան մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալով աշխարհում երկրորդն է՝ Չինաստանից հետո։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, 2017-ին դուրս էր եկել միջազգային համաձայնագրից՝ «խաբեություն» որակելով գլոբալ ջերմացման վտանգը: