Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել վրաստանյան ներքաղաքական ճգնաժամի կապակցությամբ։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել Թբիլիսիին գործել եվրատլանտյան հավակնություններին համապատասխան և ամրապնդել իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը՝ երաշխավորելով դատական ու դատախազական համակարգի անկախությունը քաղաքական միջամտություններից։
Հայտարարությունը հետևել է վարչապետ Գիորգի Գախարիայի երեկվա հրաժարականին։ Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը հայտարարել էր, թե դեմ է ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելու՝ դատարանի որոշմանը, և քանի որ կուսակիցները չեն կիսում իր այդ տեսակետը, որոշել է հեռանալ։
Ընդդիմությունը, որ մինչ օրս բողոքի ցույցեր է անցկացնում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների դեմ, այս քայլը որակել էր որպես հաղթանակ և կրկին կոչ արել արտահերթ ընտրություններ անցկացնել։
«Մենք հորդորում ենք բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած քայլից կամ հռետորաբանությունից, որը կարող է է՛լ ավելի սրել լարվածությունն ու հանգեցնել բռնությունների», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։