Հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը

Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում կորոնավիրուսի դեմ Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ Հայաստանում մարտից արդեն պատվաստումները կիրականացվեն, թեև, ըստ նախարարի, Sputnik V-ով արդեն իսկ փոքրաթիվ պատվաստումներ են արվել։

Հայաստանը դեռ նախորդ տարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար միացել էր միջազգային COVAX FACILITY նախաձեռնությանը, որի նպատակն է բոլոր շահագրգիռ պետություններին հավասար իրավունքներով հնարավորություն տալ շուկայում առկա պատվաստանյութ ունենալ։

Առաջարկվել է, օրինակ, AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած պատվաստանյութը, որն ունի համեմատաբար ցածր՝ 70 տոկոս արդյունավետություն, ամերիկա-գերմանական համատեղ արտադրության Pfizer-ը՝ 95 տոկոս արդյունավետություն, ամերիկյան Moderna-ն՝ ավելի քան 94 տոկոս արդյունավետություն։ Զուգահեռ Հայաստանը բանակցություններ է վարել նաև ռուսական Sputnik V-ի ձեռքբերման շուրջ։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը համեմատելով այս պատվաստանյութերն, ասում է. - «Զուտ տեխնիկական տեսանկյունից, օրինակ, Sputnik V-ն որոշ առավելություն ունի, օրինակ, եթե Moderna-ն ու Pfizer-ը պահանջում են պահպանման և տեղափոխման հատուկ ռեժիմ, այսինքն՝ շատ ցածր ջերմաստիճան, շատ զգայուն են թափահարումներին, ապա Sputnik V-ի պարագայում նման պահանջներ չկան։ Այդ տեսանկյունից հա՛մ AstraZeneca-ն, հա՛մ Sputnik V-ն Հայաստանում ավելի հեշտ կկիռավեն։ Պատկերացրեք՝ Երևանից պատվաստանյութը պետք է տեղափոխել Մեղրի, պարզ է՝ այնտեղ թափահարումների մեծ քանակություն է տեղի ունենալու, էդ ջերմային ռեժիմը շատ դժվար կլինի ապահովել, որը Pfizer-ի դեպքում -70-ն է, էդ տեսանկյունից իրենք մեզ համար ավելի ընդունելի են»։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվելու են երկու փուլով: Ըստ ցանկի՝ 1-ին փուլում ռիսկային խմբերն են՝ տարեց անձինք, սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Երեխաներն այս պահին պարտադիր պատվաստման ծրագրում ընդգրկված չեն։

Պատվաստումներն առողջապահության նախարարի տեղեկացմամբ, Հայաստանումչեն կրելու պարտադիր բնույթ, միայն կամավոր կլինեն։ Ռիսկային խմբում գտնվողների համար պատվաստումն անվճար է լինելու։ Հայտնի չէ, սակայն, թե պատվաստանյութն ինչ արժեք կունենա այն քաղաքացիների համար, որոնք ընդգրկված չեն ռիսկային խմբում։