Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի նախկին նախագահի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի 44-րդ նախագահ, Երևանի պատվավոր քաղաքացի Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ:

«Նախագահ Մենեմը իր ուրույն ներդրումն է ունեցել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում՝ «Երևանի և Բուենոս-Այրեսի միջև եղբայրական կապերի հաստատման» համար ստանալով Երևանի պատվավոր քաղաքացու կոչում», - կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ` ասված է վարչապետի ուղերձում։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է նաև, որ անգահատելի է Կառլոս Մենեմի վաստակը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում դրսևորած պատրաստակամության և հետևողական աշխատանքի համար։

Արգենտինայի նախկին նախագահը մահացել է կիրակի օրը կյանքի 90-րդ տարում։ Նա երկիրը ղեկավարել է ուղիղ 10 տարի՝ 1989-ից 1999 թվականներին։