Մատչելիության հղումներ

Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, Երևանի պատվավոր քաղաքացի Կարլոս Մենեմը


Կիրակի օրը կյանքի 90-րդ տարում մահացել է Արգենտինայի նախկին նախագահ Կարլոս Մենեմը։ Նա երկիրը ղեկավարել է ուղիղ 10 տարի՝ 1989-ից 1999 թվականներին։

Նրա նախագահությունը աչքի է ընկել լայնածավալ տնտեսական բարեփոխումներով, այդ թվում` պետական սեփականության մասնավորեցման ծրագրի իրականացմամբ։ Մենեմի կառավարման ընթացքում զգալիորեն մեծացել է նաև միջազգային ասպարեզում Արգենտինայի դերակատարությունը։ Նրա իշխանության տարիներին արգենտինացի զինվորականներն առաջին անգամ երկրի պատմության մեջ մասնակցել են միջազգային խաղաղապահ գործողություններին՝ մեկնելով Բոսնիա և Քուվեյթ։

Մենեմի իշխանության տարիները աչքի են ընկել նաև աղմկալի կոռուպցիոն սկանդալներով։ Մասնավորաբար բացահայտվել են Խորվաթիային և Էկվադորին արգենտինական սպառազինության անօրինական մատակարարումները։

Մենեմը օտարերկրյա առաջին ղեկավարներից մեկն էր, որ անկախության ձեռքբերումից հետո պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ 1998 թվականի ամռանը կայացած այցի ընթացքում Մենեմին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG