Խնձորեսկը, Քարահունջը, Վերիշենն ու Ակները կներառվեն սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում

Սյունիքի մարզի Խնձորեսկ, Քարահունջ, Վերիշեն ու Ակներ գյուղերը նույնպես կներառվեն սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում: Այս մասին հայտարարեց սոցապ փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Կլինեն վերանայումներ՝ Խնձորեսկն ու Քարահունջն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն այս ցանկում, ինչպես նաև դիտարկում ենք Ակներ և Վերիշեն համայնքները նույնպես ներառել այս ցանկում», - նշեց Խաչատրյանը:

Կառավարության օրեր առաջ հրապարակած ցանկում ինչո՞ւ այս գյուղերը տեղ չէին գտել, արդյոք կառավարությունում տեղյակ չէի՞ն, որ Խնձորեսկը, Քարահունջը սահմանային վերջին փոփոխություններից հետո ուղիղ Ադրբեջանի քթի տակ են հայտնվել, հարցնում էին Սյունիքի համայնքապետերը:

Սոցապ փոխնախարարի խոսքով՝ շարժվել են չափորոշիչով, չափել սահմանից ուղիղ մինչև ամենամոտ տան հեռավորությունը, հետո ահազանգերից հասկացել, որ մարդկանց մշակվող այգիներն էլ հենց սահմանի գծին մոտ են. «Այդ ահազանգերից մենք հասկացանք, որ կան այս գյուղական բնակավայրերում հողատարածքներ գյուղնշանակության, որ շատ ավելի հեռու են բնակավայրից և ավելի մոտենում են դեպի սահման և գյուղաշխատանքներ իրականացնելու համար բավականին ռիսկային է»:

Առայժմ սահմանամերձ գյուղերի այս նոր ցանկում 39 համայնք է ներառված: Այս գյուղերում գույքահարկ ու հողի հարկ չեն վճարի, մարդիկ գազի, հոսանքի, ոռոգման ու խմելու ջրի դիմաց կվճարեն 50 տոկոսով, դպրոցականներն էլ անվճար գրքեր կստանան: Նախարարության հաշվարկով այս ամենից կօգտվի 14 հազար մարդ: Ադրբեջանական սահմանից 100-150 մետրի վրա գտնվող Կապան քաղաքի բնակիչներն էլ երեկ ահազանգում էին, որ քաղաքը ցանկում ներառված չէ և այս արտոնություններից չի օգտվի:

Փոխնախարար Խաչատրյանն ասում է՝ Կապանը գյուղ չէ, քաղաք է, թեպետ հրապարակված ցանկն ունի վերնագիր՝ «Սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկ»՝ առանց տարբերակման՝ գյուղ է թե քաղաք:

«Ցանկը վերաբերում է գյուղական բնակավայրերին: Կապանն, ինչպես գիտեք, քաղաք է և այս ցանկի տրամաբանությունից մի քիչ դուրս է գալիս և Կապանի մասով, կարծում եմ, այլ լուծումներ կտրվեն», - նշեց նա:

Ըստ Խաչատրյանի, սահմանային դարձած համայնքների համար այլ ծրագրեր են քննարկում, պարզապես առայժմ խորքային ուսումնասիրության փուլում են: Խնձորեսկի համայնքապետը կարծում է՝ եթե Խնձորեսկում ու Ներքին Խնձորեսկում ապրող 500 ընտանիքները կոմունալները կիսով չափ վճարեն, հողի հարկ ու գույքահարկ չվճարեն՝ էլի քիչ չէ:

«Մարդիկ կիմանան, որ անտեսված չեն, հիմա Խնձորեսկում կոնկրետ զբաղմունքը անասնապահությունն ու հող մշակելն է ու այդ ամեն ինչը սահմանի վրա», - ասաց համայնքապետ Երվանդ Մալունցը:

324 ընտանիք էլ Քարահունջում է ապրում, համայնքապետ Լուսինե Ավետյանն արդեն տեղյակ է, որ կառավարությունը ցանկը կշտկի, և այս գյուղն էլ կհայտնվի աջակցություն ստացող համայնքների շարքում: «Գազով քիչ են ջեռուցում, քիչ մասն է ջեռուցում տները, քիչ են օգտագործում, մեծ աջակցություն չէ, բայց էլի բնակչին աջակցություն է որոշ ​չափով», - նշեց համայնքապետը:

Լուսինե Ավետյանն առաջարկում է Սյունիքի խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբերի քննարկումներին իրենց էլ հրավիրել՝ կառաջարկեն գյուղացուն օգնել սերմացուով, պարարտանյութով, վառելիքով, աջակցել անասնապահությանն ու այգեգործությանը: Քարահունջում մշակովի այգիներն անցել են Ադրբեջանին, ճիշտ է, այստեղ սահմանային ճշտումներ դեռ չեն եղել, բայց Ավետյանն ասաց՝ բանավոր հրահանգներ են ստացել. «Բանավոր ասել են, որ ադեն այդ այգիները, որոնք անցել են իրենց, չօգտագործեք, բանավոր ասել են՝ ՀԷԿ-ը կանգնեցրեք՝ չաշխատի»​: