Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզում կան սահմանամերձ գյուղեր, որոնք սահմանամերձ համայնքի կարգավիճակ չեն ստացել


Սյունիքի ու Գեղարքունիքի մարզի 39 համայնքներ սահմանամերձի կարգավիճակ են ստացել։ Այս պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած գյուղերը կօգտվեն սոցիալական աջակցության ծրագրերից։

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այդ համայնքներում 14 հազար մարդ է ապրում։ Կփոխհատուցվի նրանց գույքահարկը, գազի, հոսանքի ու ոռոգման ջրի դիմաց այս մարդիկ կվճարեն 50 տոկոսով, աշակերտներն էլ անվճար դասագրքրեր կստանան։

Գործադիրի այս որոշումը սակայն, հարցեր է առաջացրել Սյունիքում։ Մարզի ամենամեծ գյուղերից՝ 450 ընտանիք ունեցող Խնձորեսկը Ադրբեջանի հետ 14 կիլոմետրանոց սահման ունի ու աջակցություն ստացող սահմանամերձ գյուղերի ցանկում չէ։

Գյուղապետ Երվանդ Մալունցը տարակուսած է․ - «Եթե սահմանամերձ չի, մեր երիտասարդների մեծ մասը էդ ձորերում սահմանի վրա անասուն են պահում, խնդիրներ ա լինում․․․ Խնձորենսը 90-ականներին էլ ա սահմանամերձ էղել»։

Խնձորեսկի համայնքապետը հարցնում է՝ գյուղի բնակելիները սահմանից մի քանի կիլոմետրի վրա են, ի՞նչ սկզբունքով է ցանկը կազմվել։

Երևանաբնակ որոշում կայացնողներին խնձորեսկցիները ֆեյսբուքյան ուղերձ են հղել, գրել են. - «Եթե վախենում եք կամ հավես չունեք, գոնե քարտեզ վերցրեք ու տեսեք որտեղ է Քարաշենն ու Հարթաշենը, Խոտն ու Բարձրավանը, ու որտեղ է Խնձորեսկը, Խնձորեսկը սահմանամերձ է այսօր, ու ցավո՜ք»։

«Վաղ առավոտից բնակիչներ Ակներից, Վերիշենից, Քարաշենից, Խնձորենսից բարձրաձայնում էդ խնդրի մասին։ Իրենք էլ ունեն վրդովմունք», - ասում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Նրա խոսքով՝ ավագանու նիստ են հրավիրել և անպայման խնդրի մասին բարձրաձայնելու են։ Գորիսի տարածաշրջանի Քարահունջն էլ դուրս է մնացել ցանկից, այնինչ այստեղ մարդիկ անձնագրերով են իրենց այգիներ փորձում մտել, երբեմն չի էլ ստացվում․ - «Եթե Խնձորեսկը և Քարահունջը, որոնք ամենօրյա ռեժիմով խնդիրներ են ունենում սահմանազատումների հետ կապված, մարդիկ կորցրել են իրենց այգիները, արոտավայրերը։ Բացի դրանից, թշնամին մի քանի մետր հեռավորության վրա, ամբողջ օրը բանակցում են հողի համար։ Հետո հանկարծ անսպասելի տեսնում ենք, որ փաստորեն ներառված չեն ցանկում»։

Հարցեր են առաջացել նաև կապանցիների շրջանում։ «Ադրբեջանական սահմանը 39 հազարանոց քաղաքից 100 մետրի վրա է», - ասում է փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանը և հիմնավորումներ չի գտնում, թեպետ փնտրել է․ - «Քննարկումներին չենք մասնակցել, տրամաբանությունը այս պահին ես չեմ կարող ասել, բայց, ըստ մեր տեղեկությունների, տվյալ ցանկում ներառվել են հակառակորդի կողմից հաճախակի օգտագործվող հրաձգային զենքի հասանելիության մինչև 2,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրերը։ Դա է եղել տրամաբանությունը»։

Փոխքաղաքապետը լսել է, որ ադրբեջանական հրաձգային զենքի համար հասանելի հեռավորության վրա պետք է լինի համայնքը, որ դառնա սահմանամերձ ու օգտվի այս ծրագրերից։

Ցանկը հրապարակած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Զարուհի Մանուչարյանը հաստատեց՝ որոշակի տրամաբանություն կա, բայց չմանրամասնեց․ - «Շուրջ չորս տասնյակ բնակավայրերը, որոնք համալրել են սահմանամերձի թիվը, բավարարել են հստակ չափորոշիչների, որոնցից մեկը հեռավորությունն է։ Այսինքն՝ կա հստակ սահմանված, թե բնակավայրի վերջին տան հեռավորությունը որքան պիտի լինի։ Ձեր նշած բնակավայրերը դուրս են մնացել ծրագրից, որովհետև որոշ չափորոշիչներով չեն բավարարել ծրագրի ընդհանուր տրամաբանությանը։

Հայաստանի պետական սահմանի մասին օրենքով սահմանագծից երկրի տարածքի խորքը մինչև 5 կմ լայնությամբ ծավալվող տարածքը սահմանային գոտի է: Իսկ սահմանային գոտու անմիջապես պետական սահմանին հարող մինչև 1 կմ լայնությամբ տարածքը կոչվում է սահմանային շերտ: Ըստ Սյունիքի պաշտոնյաների, Քարահունջն օրինակ, թե՛ սահմանային շերտում է և թե՛ գոտում, բայց ցանկում չէ։

«Կա քննարկումներ չափորոշիչները վերանայելու, ցանկը մեղմացնելու ուղղությամբ, որպեսզի ավելի լայն շրջանակ կարողանանք ներառել ու արտոնություններից կարողանան ավելի շատ բնակավայրեր օգտվել», - ասաց Մանուչարյանը։

Առանձնապես ոգևորված էլ չեն սոցաջակցության ցանկում ընդգրկված համայնքների ղեկավարները։ Կապանի տարածաշրջանից 16 գյուղ ներառվել է այս ցանկում, այսինքն կոմունալ վճարները մարդիկ 50 տոկոսով կվճարեն, միայն թե այս 16 համայնքից գազ ունի 2-3 գյուղ։

«Գազաֆիկացված չեն, կոմունալ ծառայություններից օգտվում են ընդամենը հոսանքից։ Ջուրը հիմնականում մեր աղբյուրներից ա։ Ու էս պարագայում արդեն էս 50 տոկոս կոմունալ պետության կողմից մեզ էնքան էլ․․․ կարող ա ամսեկան ամենքս 10-12 հազար հոսանք վառենք, ու դրա 50 տոկոսը պետության կողմից, դա էսիմ ինչ աջակցություն չի սահմանամերձի համար», - «Ազատությանն» ասաց Շիկահող համայնքի ղեկավար Նարե Ղազարյանը։

Նա ասաց, որ ադրբեջանական սահմանի հենց կողքին 52 հեկտար ցորեն են ցանել շիկահողցիները։ Դա պիտի հնձեն, բայց թե ինչպես՝ չգիտեն։ Անասունները բանտված են գյուղում, արոտավայր չունեն։ Թե չէ, հոսանքի մի քանի հազար դրամը վճարել կարող են և լուծել ընդամենը 6 շիկահողցի աշակերտի դասագրքերի հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG