Մարդու իրավունքների պաշտպանը որպես ապացույց տեսանյութ է հրապարակել, որ Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողները կրակում են տարբեր տեսակի զինատեսակներից։
Արման Թաթոյանը նշում է, որ տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում։ «Այն նկարել են մեր դիրքապահները։ Տարածությունը պատկերացնելու համար նշենք, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է», - հայտնում է Պաշտպանը։
Թաթոյանը նշում է, որ Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:
«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը», - եզրափակել է Թաթոյանը
: