ԱՄՆ Սենատը արդարացրեց Դոնալդ Թրամփին

Անցած գիշեր կայացած քվեարկությամբ ԱՄՆ Սենատը արդարացրեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ հանգելով եզրակացության, որ նրան ներկայացվող «խռովության հրահրման» մեղադրանքը հիմնազուրկ է։ Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեցին Սենատի անդամներից 57-ը՝ անհրաժեշտ 67-ի փոխարեն։

Դեմոկրատ սենատորներից բացի, Թրամփին մեղավոր ճանաչելու որոշմանը կողմ քվեարկեցին նաև յոթ հանրապետական օրենսդիրներ։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը մեկնարկել էր նրա՝ Սպիտակ տունը լքելուց հաշված օրեր առաջ։ Գործընթացի նախաձեռնողները պնդում էին, որ հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում ծավալված և առնվազն չորս մարդու կյանք խլած զանգվածային անկարգությունները ծագել էին Թրամփի հրահրիչ գործողությունների և հայտարարությունների հետևանքով։