Վրաց ուղղափառ եկեղեցին Սրբազան Սինոդի երկու օր շարունակված նիստից հետո ուրբաթ ուշ երեկոյան հրապարակել է իր դիրքորոշումը Ադրբեջանի հետ սահմանի վիճելի հատվածում գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի պատկանելության շուրջ։ Վրաց հոգևորականների պնդմամբ՝ «Դավիթ Գարեջի» համալիրի կազմում գտնվող Չիչխիթուրի և Ուդաբնո եկեղեցիները վրաց ժողովրդի պատմական, կրոնական և մշակութային ինքնության անբաժանելի մասն են։
«Իրավական ուժ ունեցող գլխավոր փաստաթուղթը, որ հստակեցնում է Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը,1996 թվականին հունիսի 13-ին ստորագրված երկկողմ արձանագրությունն է», - պնդում են Վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան սպասավորները՝ նշելով, որ այդ փաստաթղթի հիման վրա վանական ամբողջ համալիրը գտնվում է Վրաստանի տարածքում։ Հետագայում՝ 2007 և 2019 թվականներին, ըստ վրաց հոգևորականների, առկա ստատուս քվոն փոփոխության է ենթարկվել՝ ոչ հօգուտ Վրաստանի։
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը բարեկամ և գործընկեր Ադրբեջանի հետ բանակցություններ անցկացնել արդարության սկզբունքից ելնելով՝ նպատակ ունենալով վերականգնել մինչև 2007 և 2019 թվականները գոյություն ունեցած վիճակը», - նշված է Վրաց ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդի անցած գիշեր հրապարակված հայտարարության մեջ։