ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ուրբաթ երեկոյան Ժնևում կայացած նիստի ընթացքում Մյանմայի (նախկին Բիրմա) զինվորական իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել փետրվարի 1-ին տեղի ունեցած հեղաշրջումից հետո ձերբակալված բոլոր անձանց։
Խորհրդի կողմից ընդունված բանաձևում նշված է, որ Մյանմայի իշխանությունները պետք է ազատ արձակեն կամայական ձերբակալությունների ենթարկված բոլոր անձանց և երկրում վերականգնեն ընտրովի կառավարման համակարգը։
Իրադրությունը Մյանմայում սրվեց փետրվարի 1-ին, երբ երկրի Զինված ուժերը տապալեցին Պետական խորհրդական, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Ջիի կառավարությունը՝ մեղադրելով դրան նախորդ տարվա նոյեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ։ Այս պահին, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, առանց դատարանի վճռի ձերբակալվածների թիվը Մյանմայում հասնում է 350-ի։
Չնայած զինվորականների ձեռնարկած կոշտ միջոցառումներին, արդեն ութերորդ օրն է ինչ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ժողովրդավարական կառավարման համակարգը վերականգնելու պահանջով։