Բելառուսում դատախազությունը նոր մեղադրանքներ է առաջադրել ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային և իրավաբան Մաքսիմ Զնակին։ Նրանք այժմ մեղադրվում են նաև «իշխանությունը բռնի ուժով զավթելու և ծայրահեղական խմբավորում հիմնելու և ղեկավարելու մեջ», որոնց համար սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Ընդդիմադիր գործիչները կալանավորվել են անցած տարի՝ նախագահական ընտրություններից հետո, երբ պատկան մարմինները վեցերորդ անգամ անընդմեջ հաղթող հռչակեցին Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ չնայած խախտումների և ճնշումների մասին բազմաթիվ հաղորդումներին։ Մեղադրանք էր առաջադրվել երկրի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու հոդվածով, որը նախատեսում է 2-ից մինչև 5 տարվա ազատազրկում:
Արևմտյան երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Կանադան ու Եվրամիությունը, վիճահարույց այդ քվեարկության արդյունքները չեն ճանաչում և արդեն իսկ պատժամիջոցներ են սահմանել Լուկաշենկոյի և նրա մերձավորների նկատմամբ, որոնք մասնակցել են ընտրախախտումներին ու ընդդիմադիրների դեմ շարունակվող ճնշումներին։