Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե դաշինքը խստացնի Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Դիվանագետը պնդել է, թե Ռուսաստանի իշխանությունները չեն ուզում մեկուսանալ միջազգային կյանքից, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ են գնալ այդ քայլին։
«Դա տեղի կունենա, եթե մենք տեսնենք, որ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ են սահմանվում, որոնք վտանգներ են ստեղծում մեր տնտեսության համար։ Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի», - ասել է Լավրովը լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։
Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները կտրուկ սրվել են վերջին շաբաթներին՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնու և նրան աջակցող ցուցարարների ձերբակալություններից հետո։ Անցած շաբաթ Մոսկվան երկրից վտարեց եվրոպական երեք երկրների դիվանագետների՝ այդ ցույցերին մասնակցելու մեղադրանքով, ինչին հետևեց ԵՄ երկրների նույնանման արձագանքը։