Թուրքիայի կողմից C-400-ների ձեռքբերման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է, շեշտում է Պետդեպարտամենտը

Թուրքիա - Անկարային մերձակա «Մուրթեդ» օդանավակայանում ռուսական ինքնաթիռից դուրս են բերվում C-400 համակարգի բաղադրիչները, օգոստոս, 2019թ․

«Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումն անփոփոխ է», - անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Ռուսական C-400-ները անհամատեղելի են ՆԱՏO-ի սարքավորումների հետ։ Դրանք սպառնալիք են հանդիսանում ՆԱՏO-ի կողմից օգտագործվող տեխնոլոգիաների համար, և [դրանց կիրառումը] անհամատեղելի է Թուրքիայի` որպես ՆԱՏO-ի անդամի ստանձնած պարտավորությունների հետ», - հայտարարում էր ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակը՝ արձագանքելով Անկարայից վերջին օրերին հնչող հաշտեցման զգուշավոր ազդակներին։

Երեքշաբթի օրը թուրքական մամուլում տեղեկություններ ի հայտ եկան, որոնց համաձայն` Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չէր բացառել, որ թուրքական բանակը կարող է հրաժարվել C-400-ները երկրի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգում ամբողջությամբ ինտեգրելու գաղափարից։ Աքարն ակնարկել էր, որ ռուսական արտադրության հակահրթիռային համակարգերը կարող են մասնակի մարտական հերթապահություն իրականացնել, ինչը, թուրքական որոշ աղբյուրների պնդմամբ, կարող է այս հարցում Վաշինգտոնի հետ առկա տարաձայնությունների փոխզիջումային լուծման հիմք հանդիսանալ։

Նեդ Փրայսի երեկ հնչեցրած հայտարարություններից դատելով, սակայն, Բայդենի վարչակազմը այս հարցում հակված չէ հրաժարվել նախորդների որդեգրած կոշտ դիրքորոշումից։

«Ինչպես գիտեք, Ռուսաստանից սպառազինության նման նշանակալի խմբաքանակի ձեռքբերումը հանգեցրեց Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառմանը։ Դրանք նախատեսված են մեր օրենսդրությամբ, մասնավորաբար՝ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով հակազդման մասին» օրենքով (CAATSA): Այնպես որ, մենք այսօր էլ շարունակում ենք կոչ անել Թուրքիային հրաժարվել այդ համակարգերից», - հայտարարում էր Պետդեպարտամենտի խոսնակը։

C-400 համակարգերի ձեռքբերման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանվեցին նախորդ տարեվերջին։ Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցները անհակատական բնույթ էին կրում։ Դրանց թիրախում էին հայտնվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։ Դրանից մի քանի ամիս առաջ էլ Վաշինգտոնը որոշել էր Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը հեռացնել նորագույն F-35A կործանիչների թողարկման արտադրական ցիկլից։

Փորձագետները, սակայն, քիչ հավանական են համարում, որ պաշտոնական Անկարան այդքան հեշտորեն կնահանջի ամերիկյան ճնշման առջև։ C-400-ների գործարկումից հրաժարումը կարող է լրջորեն վնասել նախևառաջ Ռուսաստանի հետ Անկարայի՝ վերջին տարիներին անշեղորեն ջերմացող հարաբերությունները։

Բացի այդ, չի կարելի շրջանցել հարցի տնտեսական կողմը։ Համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի համար լրջագույն ֆինանսական բեռ էր․ Անկարան C-400 համակարգերի համար ռուսական սպառազինության վաճառքով զբաղվող "Рособоронэкспорт" ընկերությանը 2 միլիարդ 500 միլիոն դոլար էր վճարել ։Այդ գումարի զգալի մասը Թուրքիան կարողացել էր հայթայթել Ռուսաստանից՝ արտոնյալ վարկի տեսքով։

Հետաքրքրական է, ի դեպ, որ այս օրերին Վաշինգտոնում նկատում են՝ ամերիկյան նոր վարչակազմը չի շտապում ուղղակի կապի մեջ մտնել Թուրքիայի իշխանությունների հետ՝ առկա տարաձայնությունները քննարկելու նպատակով։

«Ինչո՞ւ պետքարտուղար Բլինքենը մինչ օրս չի զրուցել իր թուրք պաշտոնակցի հետ։ Արդեն երեք շաբաթ է, ինչ նա նշանակվել է այդ պաշտոնում, սակայն նման հեռախոսազրույց դեռ չի կայացել։ Շատերի կարծիքով՝ դա [ամերիկյան կողմի] քամահրական վերաբերմունքի դրսևորում է», - երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի խոսնակին նման հարց ուղղեց ներկա լրագրողներից մեկը։

«Ես իհարկե զերծ կմնայի նման բնութագրումից։ Նախկինում էլ ասել եմ, այժմ էլ կկրկնեմ,որ Թուրքիան մեր վաղեմի դաշնակիցն է։ Մենք մեր թուրք գործընկերների հետ ընդհանուր շահեր ունենք։ Ակնկալում եմ, որ պետքարտուղարը և նրա թուրք գործընկերը առաջիկա օրերին միմյանց հետ զրուցելու, կապ հաստատելու հնարավորություն կունենան», - նշում էր Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։