Մատչելիության հղումներ

Անկարան շարունակում է Մոսկվայի հետ բանակցությունները S-400-ների երկրորդ դիվիզիոնի ձեռքբերման շուրջ


Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համալիր, արխիվ
Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համալիր, արխիվ

Թուրքիան շարունակում է Ռուսաստանի հետ բանակցությունները S-400 (C-400) զենիթահրթիռային համալիրների երկրորդ դիվիզիոնի հնարավոր ձեռքբերման շուրջ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Անկարայի համար խնդրահարույց կլիներ հրաժարվել ռուսաստանյան S-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումից։ Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի հետ այդ թեմայի շուրջ տարաձայնությունները կլուծվեն երկխոսության ճանապարհով», - թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Աքարը։

Ռուսական արտադրության S-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման համար անցած ամիս Վաշինգտոնը դաշնակից Անկարայի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ կիրառելով «Սահմանափակումների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը։ Ամերիկյան իշխանությունները թիրախավորել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունն ու դրա ղեկավարությունը։

2017 թվականին շուրջ 2,5 միլիարդ դոլար արժողության գործարքի շնորհիվ Անկարան, ինչպես հայտարարել է, ցանկանում է ստեղծել հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում՝ նշելով, թե դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցրել ռազմական միությանը: Բացի այդ, մասնավորապես Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ռուս-թուրքական գործարքը կարող է Մոսկվային հասանելի դարձնել որոշ ռազմավարական բնույթի գաղտնի տվյալներ:

XS
SM
MD
LG