Արցախի նախագահը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է անհայտ կորածների մի խումբ հարազատների։

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, Արայիկ Հարությունյանը ներկայացրել է որոնողական աշխատանքները, արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները դրանց վերաբերյալ։

Արցախի նախագահը նշել է, որ տարվող աշխատանքները բազմակողմ են. ներգրավված են ինչպես հայկական ու ռուսական կողմերը, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ադրբեջանական կողմը։

Ընդգծելով, որ գործընթացի մի մասը, բնականաբար, հրապարակային չէ՝ Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ արվում և արվելու է ամեն ինչ՝ պարզելու համար անհայտ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց ճակատագրերը և վերադարձնելու համար գերիներին:

«Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը՝ անկախ առկա բոլոր դժվարություններից», - ասել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն: Անհետ կորածների թվի մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Իսկ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը, հայկական կողմի տվյալներով, անցնում է 200-ից։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 64 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։