Ֆրանսիայից միանձնուհի Անդրեն, ով կուսակրոն ձեռնադրվելուց առաջ հայտնի էր որպես Լյուսիլ Ռանդոն, Եվրոպա աշխարհամասի ամենատարեց բնակիչն է՝ այսօր նա նշելու է ծննդյան 117-ամյակը: Բայց դա քույր Անդրեի միակ ռեկորդը չէ՝ վերջերս նա վարակվել է կորոնավիրուսով և բուժվել է:
Միանձնուհին 1944 թվականին է միացել կաթոլիկ բարեգործական ուխտին և երկար տարիներ այնտեղ է աշխատել ու բարի գործեր արել մարդկանց համար:
Վերջին տարիներին քույր Անդրեն բնակվում է Ֆրանսիայի հարավում գտնվող Տուլոն քաղաքի ծերանոցում:
Հունվարի 16-ին նա կորոնավիրուսի ստուգման է ենթարկվել: Դրական պատասխանը շատ է մտահոգել ծերանոցի աշխատակիցներին, բայց ինքը քույր Անդրեն ասել է, որ իրեն լավ է զգում:
Ֆրանսիական BFM հեռուստատեսության խնդրանքով քույր Անդրեն պատասխանել է Սուրբ Կատերինայի ծերանոցի աշխատակից Դավիդ Տավելայի հարցերին․
- «Վախեցե՞լ էիք վիրուսից»:
- «Ոչ, չգիտեի, որ հիվանդ եմ, չեմ զգացել»:
- «Բայց վախ չկա՞ր»:
- «Ոչ, ես չեմ վախենում մահից»:
Ծերանոցի աշխատակիցների փոխանցմամբ՝ քույր Անդրեն զուսպ, մեղմ և հումորով անձնավորություն է:
- «Ինչո՞ւ Աստված Ձեզ դեռ չի տանում»:
- «Չգիտեմ, երևի չի կարծում, որ ես ազատվել եմ երկրային հոգսերից, կամ էլ ինձ լուրջ չի ընդունում»:
Եվրոպայի ամենատարեց բնակիչը լրագրողներին ասել է, որ մահվան հանդեպ վախ չունի:
«Ես երջանիկ եմ ձեզ հետ լինելու համար, բայց կուզենայի լինել այլ տեղում, կուզենայի միանալ ավագ եղբորս և տատիկիս», - ասել է քույր Անդրեն:
Ծերանոցի աշխատակից Դավիդ Տավելայի խոսքով՝ քույր Անդրեն իրեն լավ է զգում, COVID-19-ով հիվանդ լինելու օրերին և կազդուրվելուց հետո միանձնուհին ոչ մի անգամ չի գանգատվել:
«Բոլորս ապշել էինք, ծերանոցում կորոնավիրուսի ալիք էր սկսվել, մենք տեղեկացրել էինք քույր Անդրեին և բոլոր մնացած ախտահարվածներին ու նրանց ընտանիքներին, բարեբախտաբար բոլոր հիվանդներն ասիմպտոմ էին», - ասել է ծերանոցի աշխատակից Դավիդ Տավելան:
Իսկ քույր Անդրեն փիլիսոփայորեն է խոսում կորոնավիրուսի մասին.
- «Ի՞նչ եք մնտածում COVID-19-ի մասին, դա կանցնի՞, ինչպես մնացած վարակները»:
- «Չգիտեմ, այդ բաները կգան, կգնան, կանցնեն»-, - ասել է 117-ամյա միանձնուհի քույր Անդրեն: