Միացյալ Թագավորության իշխանությունները պատրաստվում են փետրվարի 15-ից խստացնել պատժամիջոցները երկիր մուտք գործելիս կարանտինը խախտողների համար՝ սահմանելով դրամական մեծ տուգանքներ և անգամ ազատազրկում:
Այսօրվա դրությամբ բրիտանական «կարմիր ցուցակում» 33 երկիր է, որտեղից վերադառնալուց հետո անհրաժեշտ է 10 օր կարանտին անցկացնել հյուրանոցում և երկու անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել:
«Նրանց համար, ովքեր չեն անցել պարտադիր թեստավորում, կսահմանվի հազար ֆունտ ստերլինգ տուգանք, երկրորդ թեստը չանցածների համար` 2 հազար ֆունտ և կարանտինի ավտոմատ երկարացում մինչև 14 օր, և 5-10 հազար ֆունտ ստերլինգ՝ նրանց համար, ովքեր չեն կատարի կարանտինի պահանջը», - ասել է Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հեքոքը:
Կորոնավիրուսի նոր շտամների տարածման պատճառով Իսպանիայի կառավարությունը երկարաձգել է սահմանափակումները Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից և Հարավային Աֆրիկայից ժամանողների համար: Որոշվել է նաև շարունակել հսկողությունը Պորտուգալիայի հետ ցամաքային սահմանին:
Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է երկարացնել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մինչև մարտի 1-ը: Նախարարների կաբինետը և տարածաշրջանային իշխանությունները ցանկանում են, երկարաձգման հետ մեկտեղ, հաստատել կարանտինային խիստ ռեժիմի դադարեցման ռազմավարությունը: