Նախօրեին Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծով Թուրքիայից առաջին գնացքն է ժամանել Ռուսաստան։ Գնացքը Անկարայից դուրս էր եկել հունվարի 29-ին և Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Կալուգայի շրջան է հասել 11 օրում։
15 վագոնից բաղկացած բեռնատար շարժակազմը Ռուսաստան տեղափոխել է թուրքական արտադրության գազօջախներ և սպասք լվացող մեքենաներ։
Մոսկվայից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Վորսինո բնակավայրում գնացքը պաշտոնական արարողությամբ դիմավորել են տեղական իշխանությունները և Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը։
Կարևորելով երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը՝ դեսպան Մեհմեթ Սամսարը հայտարարել է, թե սա ոչ միայն երկաթուղի է լինելու, այլև «երկու ժողովուրդներին միավորող բարեկամության ուրույն կամուրջ»։
«Մենք շարունակում ենք առաջ ընթանալ դեպի նպատակակետը, որը մեզ համար սահմանել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - տեղական լրատվամիջոցներին ասել է Սամսարը։
Խոսքը երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ ամերիկյան դոլարի հասցնելու մասին նախանշված նպատակին է վերաբերում, որի մասին Էրդողանը հայտարարել էր 2019-ի ապրիլին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում։
Թուրքիայից Ռուսաստան այս ուղով առաջին անգամ է գնացք ժամանում։ Նախկինում տվյալ ուղղությամբ բեռնափոխադրումներն իրականացվում էին ծովով, ինչն ավելացնում էր փոխադրման թե՛ տևողությունը, թե՛ ծախսերը։
Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգիծը շահագործման հանձնվեց 2017 թվականի հոկտեմբերին՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համագործակցությամբ։ Հայաստանը շրջանցող երկաթուղին նպատակ ուներ Թուրքիային կապել նաև Կենտրոնական Ասիայի երկրները։ 2019 թվականին Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները հուշագիր ստորագրեցին երկաթգծին ռուսական երկաթուղու միացման հնարավորության վերաբերյալ։
Լեռնային Ղարաբաղում 44 օր տևած պատերազմի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի լույս10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության 9-րդ կետով համաձայնություն էր ձեռք բերվում նաև ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային կապերը։ Նույն կազմով հանդիպման ընթացքում 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությամբ ստեղծված աշխատանքային խումբն այժմ պլանավորում է երկաթուղային, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային փոխադրումների կազմակերպման ուղղությամբ աշխատանքը։ Հայտարարության այս կետի իրագործումը ցամաքային հաղորդակցության մեկ այլ ճանապարհ կբացի Ռուսաստանի և Թուրքիայի համար՝ արդեն նաև Հայաստանի տարածքով։