Ոստիկանությունը Մյանմայի մայրաքաղաք Նայպիտավում ջրցաններով ցրել է ցույցը, որի մասնակիցները պահանջել են ազատ արձակել պետական հեղաշրջման արդյունքում ձերբակալված ընտրյալ ղեկավար Աուն Սան Սու Չժիին և նրա քաղաքական զինակիցներին:
Փետրվարի 1-ին զինվորականների կազմակերպած հեղաշրջումից հետո հազարավոր քաղաքացիներ պարբերաբար կազմակերպում են ցույցեր և երթեր ոչ միայն Նայպիտավում, այլև Յանգոնում և խոշոր այլ քաղաքներում:
Զինվորականները մեկ տարով արտակարգ դրություն են հայտարարել: Նրանք կալանավորել են քաղաքացիական ղեկավարներին` պնդելով, թե իշխանությունը չի կարողանում արդար ընտրություններ անցկացնել և կարգուկանոն ապահովել:
Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը: ՄԱԿ-ը պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալված քաղաքական գործիչներին: