Վրաստանում ցույցեր են անցկացվում շարունակվող սահմանափակումների դեմ

Ծովափնյա Բաթումիում ոստիկանությունը 11 մարդու բերման է ենթարկել։ Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ նրանք մեղադրվում են իրավապահների օրինական պահանջները չկատարելու համար։ Բերման ենթարկվածների թվում է «Այլընտրանք» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Խաթուն Բերիձեն։ Նրանք Հերոսների ծառուղում երթ էին կազմակերպել` բողոքելով նրանց խոսքերով՝ «այսպես կոչված պարետային ժամի դեմ»։

Թբիլիսիում ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ նախօրեին է ցույց անցկացվել։ Ակցիայի մասնակիցները հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ, այնուհետև անհնազանդության կոչերով երթ անցկացրել Թբիլիսիի փողոցներով։

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 262 հազար դեպք։ Հիվանդությունից 3 հազար 283 մարդ մահացել է։

Այսօր Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անցած մեկ օրում հաստատվել է COVID-19 վիրուսի 404 նոր դեպք, սա 200 դեպքով քիչ է, քան նախորդ օրը։