Երևան քաղաքի ձեռք բերած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը երեկվանից սկսել է աշխատանքը՝ սպասարկելով 26 համարի երթուղին, որն Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք-Մարաշին։
Քաղաքապետարանի հաղորդագրության համաձան՝ քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները:
Հաղորդագրությունում նշվում է, որ ուղևորները պետք է վճարեն նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ, իսկ եթե այդպիսիք ուղևորի մոտ առկա չեն, վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, «բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը»։ «Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ», - նաև նշում է քաղաքապետարանը։
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:
«Տրանսպորտի ռեֆորմը բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար», - հայտարարել է Երևանի քաղաքապետը: