Հայաստանում և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով, այսօր հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։
Երեկ տեղական ժամանակով ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 6-7 բալլ: ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժին հաջորդել է մոտ 60 սեյսմիկ իրադարձություն՝ փետրվարի 5-ից 6-ը՝ ժամը 11։00-ի դրությամբ, բոլորն էլ ավելի թույլ էին, քան առաջին ցնցումը:
Նշելով, որ տվյալ էպիկենտրոնային գոտում1933 և 1947 թվականներին տեղի են ունեցել համապատասխանաբար 5․0 և 4․8 մագնիտուդներով երկրաշարժեր, ԱԻՆ-ը հայտնում է, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է Հայաստանի, Արցախի և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ:
«Կապված վերը նշված սեյսմիկ իրադարձությունների հետ, առանձնակի ուշադրություն է դարձվել ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատմանը։ Կատարվել է երկրաֆիզիկական և հիդրոերկրաքիմիական տվյալների վերլուծություն: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի վերջին տվյալների համաձայն, նախքան տեղի ունեցած երկրաշարժը, անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր։ Դրանք դեռ ավարտված չեն։ Հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է եզրահանգել, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է», - ասված է հաղորդագրությունում։