Այվազյանը և Լավրովը քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացումը

Երեկ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ։

Ի շարունակումն արդեն իսկ տեղի ունեցած շփումների և հեռախոսազրույցների` արտգործնախարարները հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

Այվազյանը և Լավրովն անդրադարձել ե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքին: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների ժամանակացույցին: