«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սահակյանը վերահաստատում է՝ ներկայիս իրավիճակում խորհրդարանական ընտրություններ անցկացնել հնարավոր չէ։
«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Սահակյանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ անխոս արտահերթ ընտրությունները կհանգուցալուծեն քաղաքական ճգնաժամը, կամ ավելի լավը կդարձնեն երկրում քաղաքական մթնոլորտը, սակայն ընտրությունների պետք է գնալ, երբ բովանդակային քննարկումների համար երկրում համապատասխան մթնոլորտ ձևավորվի։
Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև։
«Ազատություն»․ - Դուք տարեվերջին հանդիպել եք վարչապետին, արդյո՞ք կար համախոհություն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։
Սուրեն Սահակյան․ - Որ արտահերթ ընտրությունները կհանգուցալուծեն քաղաքական ճգնաժամը, կամ ավելի լավը կդարձնեն երկրում քաղաքական մթնոլորտը, դա անխոս, բայց մենք նաև այդ հանդիպման ընթացքում նշել ենք, որ չենք պատկերացնում ներկայիս իրավիճակում՝ քաղաքական, մարդկային հոգեբանական էս վիճակում, պարտությունից հետո, թե ինչպես պետք է լավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Լավ ասելով նկատի ունեմ և՛ արդյուքնների առումով բավարար, և՛ որ ընտրությունները լինեն ծրագրային, թեկնածուները հնարավորություն ունենան ներկայացնել իրենց ծրագրերը և ըստ այդմ հանգիստ խոսեն բնակիչների հետ և դա չլինի մենակ պատերազմի ընթացքում այս կամ այն գործչի, իր ճանապարհի, ասած խոսքերի հիման վրա՝ դավաճան, հերոս քննարկումների տիրույթում։ Մեր համոզմունքն է եղել, որ էդ իրավիճակում հնարավոր չէ իրականացնել։ Հիմա ինչքան ժամանակը գնա, կամ կնպաստի, կամ էլ մի փոքր էլ հնարավորություն կա, որ հակառակը՝ ավելի կվատանա, լարվածությունը կաճի, և, այդ առումով, պետք է գնալ ընտրությունների, երբ որ մենք համոզված կլինենք, որ էդ մթնոլորտը կլինի և մենք կունենանք լավ խորհրդարան, որտեղ բովանդակային քննարկումներ կլինեն, գաղափարների ու ծրագրերի բախումներ կլինեն, ոչ թե էլի էդ նույն ապաքաղաքական, անբովանդական խոսակցություններն, ինչպես այս գումարման խորհրդարանում։
«Ազատություն»․ - Կա նաև ավելի ռադիկալ ուժերի, հիմնականում նախկին իշխանության տեսակետը, որ «այս իշխանության օրոք ոչ մի ընտրություն չպիտի անցկացվի», մասնավորապես, որ կկեղծեն։
Սուրեն Սահակյան․ - Հանրությունն առիթ ունեցել է տեսնել, թե ինչպես են ընտրություններն անցկացվում նախկին քաղաքական համակարգի ժամանակ, նրանց ժամանակ, ովքեր կանխատեսումներ են անում էդպիսի։ Ի տարբերություն դրա, էս կառավարությունը, գոնե «Իմ քայլը» դաշինքի կառավարման շրջանն, աչքի չի ընկել ընտրություններ կեղծելու որևէ քայլով։ Եղել են վարչական լծակների օգտագործում, բայց հենց էդպիսի կեղծիքներ, որոնք եղել են էն ժամանակ, ասում են՝ «դրա անհրաժեշտությունն էլ չի եղել», լավ, համաձայն եմ, բա ո՞նց պետք է անենք էդ դեպքում։ Պետք է հետևենք և կանխենք բոլոր ընտրակեղծիքների հնարավորություններն ապագայում։
«Ազատություն»․ - Դրա համար իրենց տարբերակը չեզոք մեկին հանձնելն է իշխանությունը՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, որը չի հավակնելու հաջորդ ընտրություններում վարչապետի պաշտոնին, և ասում են՝ «կանցկացնի այդ ազատ և արդար ընտրությունները՝ կընտրվի Փաշինյանը, թող ընտրվի»։
Սուրեն Սահակյան․ - Մեր տարբերակն էլ էր դա, որ չեզոք թեկնածու լինի, բայց, ցավոք սրտի, Վազգեն Մանուկյանը չի հանդիսանում այն չեզոք թեկնածուն, որը թեկուզ չմասնակցելու գնով կարող է ապահովվել ընտրական պրոցեսի ամբողջ արդարությունը, ինքը երկու կողմերից մեկն է, դա չեզոք չի։