Փաստաբանի համոզմամբ, դատաիրավական համակարգն առողջացնելու խնդիր կա

Գործող իշխանությունները դատաիրավական համակարգի բարեփոխումներ պետք է սկսեին ոչ թե երկուսուկես տարի, այլ հեղափոխությունից անմիջապես հետո, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանն՝ ընդգծելով՝ ինչո՞ւ է կառավարությունն այսօր՝ հեղափոխությունից երկուսուկես տարի անց հարց բարձրացնում, օրինակ, ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված, երբ ժողովրդի պահանջն ու երկրի թիվ մեկ խնդիրը եղել է դա։

Սաֆարյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Եթե այստեղ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լիներ, հավանաբար որոշ բարեփոխումներ կթվեր, այսօր էլ խորհրդարան նոր փաթեթ էր տարել, կարող եմ վկայակոչել՝ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմի ներդրումը, կոռուպցիոն դատարանի ստեղծումը, կանխարգելման մարմնի ստեղծումը և այլ։

Սաֆարյան․ - Ինչո՞ւ այսօր, ապօրինի գույքի հետ կապված ինչո՞ւ այսօր, երբ որ 18 թվից մասսայաբար ժողովրդի պահանջը և այս երկրի թիվ մեկ խնդիրը եղել է դա։ Ինչու այսօր՝ երկուսուկես տարի հետո։ Արդյո՞ք, եթե 2018 թվականին սա ձեռնարկված լիներ, մենք մեր երկրի պատկերն ավելի լավ չէինք իմանա, արդյո՞ք մենք ավելի լավ չէինք նախապատրաստվի այս պատերազմին, արդյո՞ք մեր միջոցներն ավելի շատ չէին լինի, արդյո՞ք և այդպես արդյո՞ք․․․ բավականին հարցեր, որոնց պատասխանները մինչև օրս չենք ստացել, և քանի որ մինչև օրս էդ մարդիկ չեն պատժվել ապօրինի թալանի համար, կարող են ելույթ ունենալ և ինչից ուզես խոսել, բացի իրենց և իրենց որդիների և աղջիկների ունեցվածքից և մնացածից։ Հարց՝ որտեղի՞ց նրանց այդքան ունեցվածք՝ էջերով ունեցվածք։ Քրեկան գործով, երբ որ քննություն կտարվի, բոլորի ունեցվածքի վերաբերյալ մասնակի տեղեկություններ կիմանաք, և եթե դա մասնակին է, պատկերացնո՞ւմ եք նրանց ամբողջականի պատկերը։ Ինչպե՞ս կարող է աղքատ Հայաստանում էսպես ծայրահեղ հարուստ մարդիկ լինեն, չի կարող այդպիսի բան լինել։ Այս հարցերը պետք է լուծում ստանային, ոչ թե երկուսուկես տարի հետո նոր սկսեին քայլեր արվեր։

Շատ տխուր վիճակ է, երբ որ արդարադատության նախարարը փորձում է այսպես մեկնաբանել, որ ինչ առաջարկ արվում է, ասում է՝ «Սահմանադրությանը հակասում է»։ Փաստորեն արդարությունը վերականգնելը հակասո՞ւմ է Սահմանադրությանը։ Մի նախադասությամբ ձևակերպենք՝ տենց բան ո՞նց կարող է լինել։ Էդպիսի երկիր, որի օրենքները թույլ չտան․․․ ես մի պրիմիտիվ, պարզունակ օրինակ ասեմ, որ քրդատով կարգավորված է՝ հանրապետության դատախազը ցանկացած անարդար դատի դեմ, ցանկացած ժամկետների խախտմամբ, կարող է բողոք բերել։ Թող էդպես լուծում տային որոշակի հարցերի, թող էդպես սկսեին էս երկրի ինքնամաքրման գործընթացը։ Այսինքն՝ այնպես չէ, որ օրենքը թույլ չի տալիս, իրենք էլ սահմանափակված են։ Էդ ինչպե՞ս է, որ մինչև 2018 թվականը, երբ որ Աղվան Հովսեփյանի մտքով անցել է մի գործով բողոք բերի, էդ հոդվածը դրել է իրեն պետքական գործով ու իր բողոքը դատարանները հարգել են՝ առանց գնահատելու՝ «բա էս ո՞նց ա , կարո՞ղ ա ժամկետի խախտում կա», տենց բան չի եղել։ Այսինքն՝ օրենքը թույլատրում է այդպիսի նորմի կիրառմամբ գոնե, կամ Եվրոպական դատարանն այդքան դատական ակտերը կայացրել է, այդքան դատավորներ իրավունքի խախտմամբ կայացրել են դատական որոշումներ։

«Ազատություն»․ - Ապօրինի են ճանաչվել նրանց վճիռները։

Սաֆարյան․ - Ինչո՞ւ թեկուզ այդ դատավորների խնդիրների չի դրված, որ էդ նույն դատավորները շարունակում են էդ նույն ձևով ապրել, էդ նույն ուժերի հետ կապվել, էդ նույն ուժերի հետ համագործակցել, մի հատ էլ կալանքի խնդիրներն իրենց ձեռնտու ձևով լուծել և ասել՝ «մենք այսպես ենք մտածում»։ Կամ ի՞նչ են ԲԴԽ-ի հայտարարությունները, ի՞նչ են ուզում ասել, ի՞նչ են ուզում անել։ Ընդհանուր դժգոհություն կա, կարգապահական վարույթների հետ կապված հեղեղ կա, բայց արդյո՞ք ամենաակնառու փաստի պարագայում կարգապահական վարույթները հարուցվում են դատարանների դեմ, ո՛չ, իհարկե՝ ո՛չ։ Դատավորների 70 տոկոսը պաշտպանված է, որովհետև վերևից ներքև՝ առաջին ատյանից, մինչև վճռաբեկ, բոլորն ամուր թելերով, ԲԴԽ-ով կապված են հին իշխանությունների, հին ուժերի հետ ու էսպես էդ կապը շատ ամուր բետոնե պատերով ամրացված են և էդ կապերը չես կարողանում քանդելով գնալ։ Դա մի հոգու խնդիր չէ, երկու հոգու խնդիր չէ, ամբողջ համակարգը առողջացնելու խնդիր կա և այդ խնդիրը պետք է լուծվի։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․