«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի համար անհասկանալի է` ինչու է իշխանությունն արտահերթ նիստ հրավիրել՝ անվտանգային հարցերի փոխարեն Դատական օրենսգրքի փոփոխությունները քննարկելու համար։
«Եթե դուք բերեիք նախագիծ Արցախի տարածքների դեօկուպացիայի օրենք ընդունելու մասին, բերեիք նախագիծ զենքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ես կհասկանայի», - ասաց Սիմոնյանը։
«Հարգելի հայրենակիցներ երևի դուք միամտորեն ակնկալում էիք, որ այսօր խայտառակ դավաճանական կապիտուլյացիայից հետո մենք այստեղ պիտի քննարկեինք ռազմագերիների խնդիրը», - ասաց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ականների համար էլ ընդունելի չէ արտահերթի օրակարգը: Ռազմագերիների, տեղահանվածների, պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանամերձ դարձած գյուղերի ու դրանց բնակիչների խնդիրները պետք է խորհրդարանը քննարկեր, հայտարարում է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։ Խնդիրների շարքում ընդդիմադիր պատգամավորը նաև Ռուսաստան մեկնող քաղաքացիների հարցն է առանձնացնում` այն անվանելով ողբերգություն․ - «Փոխանակ մեկ հիմա էնտեղ լինեինք և փորձեինք հասկանալ՝ ինչո՞ւ են լքում, ի՞նչ կարող ենք անել, որ հայը մնա իր հայրենիքում, մենք էստեղ քննարկում ենք, թե ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար վնգստացող դատավորների թիվը»։
Կառավարությունն առաջարկում է դատավորների թիվն ավելացնել առնվազն 17-ով, որոնք, մասնավորապես, կզբաղվեն միայն կալանքի, խուզարկության միջնորդությունները քննելով։
Մասնագիտացված դատավորների ավելացմամբ համակարգը կբեռնաթափվի, կկրճատվեն քրեական գործերի քննությունների ժամկետները, համոզված է արդարադատության նախարարը․ - «Խոսք չի կարող լինել գործադիրի կողմից ցանկալի դատավորներ ունենալու մասին։ Բայց խոսք կարող է լինել միանշանակ, օրինակ, նախկին իշխանությունների կոռուպցիոն շրջանակների հետ կապ ունեցող մարդկանցից․․․ առնվազն այս փուլում իրենց ազդեցությունը չունենալ դատական համակարգում»։
Երկիրը լքողների վերաբերյալ արած հայտարարության համար էլ Զոհրաբյանին իշխող ուժից Հայկ Գևորգյանն արձագանքեց՝ հիշեցնելով, թե արտագաղթի ինչ տեմպեր էին, երբ ԲՀԿ-ն էր իշխանության՝ կոալիցիայի կազմում․ - «Տասը տարվա ընթացքում, երբ դուք կոալիցիայի անդամ էիք, Հայաստանից մեկնե՞լ են, գնացե՞լ են, հեռացե՞լ են․․․ ընդհանուր առմամբ 373 հազար 800։ Իսկ հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել 41 հազար մարդ»։
«Հայկ «Հայկական ժամանակից», արտագաղթ եղել է միշտ», - հակադարձեց Նաիրա Զոհրաբյանը։ - «Բայց մենք Արցախ չենք հանձնել, և «Բարգավաճ Հայաստանի» ձեռքերը արյունոտ չեն։ Այդ փոքր տարբերությունը հույս ունեմ կհասկանաք»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ասաց․ - «Գալի՞ս եք, գնանք, մի հատ հարցնենք, գնանք մարդկանց ասենք՝ ինչի՞ եք զանգվածային լքում Հայաստանը։ Այո՛, արտագաղթ ա, և այո՛, մեղավորը դուք եք»։
Իշխող ուժից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը զսպվածության կոչ արեց․ - «Կտրուկ ձևով արձագանքել՝ փորձելով ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել, անցել ա, վերջացավ էդ, պրծավ։ Եթե տեղյակ չեք, դուրս եկեք փողոց, կտենաք, որ պրծավ: Սա ՛՛Богатые тоже плачут՛՛ նովելը չի»։
Արտագաղթի վերաբերյալ ԲՀԿ-ականների հայտարարություններին նաև իշխող «Իմ քայլի» ղեկավարն անդրադարձավ։ Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ Հայաստանից հեռացողներն այն քաղաքացիներն են, որոնք Ռուսաստանում աշխատանք ունեն և մեկ տարի սահմանների բացմանն են սպասել․ - «Հայաստանի Հանրապետությունից, այո, կան մարդիկ, ովքեր գնում են իմ նշած նպատակներով, բայց նաև այդ ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում»։
Ընդդիմադիրները փորձում են տպավորություն ստեղծել, թե միայն իրենք են սրտացավ Հայաստանի ու Արցախի քաղաքացիների նկատմամբ, իսկ իշխանությունը՝ ոչ, հայտարարեց Մակունցը․ - «Եթե հարցեր են առաջանում, թե ինչ է անում իշխանությունը, ապա սոցիալական ապահովության նախարարը առնվազն իրենց գծով ներկայացրեց բավականին ծավալուն աշխատանք, որի մի մասը նույնիսկ չներկայացրեց։ Ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը ամենշաբաթյա կտրվածքով ձեռնարկում է նոր միջոցառումներ և նոր ծրագրեր պատերազմի հետևանքները հաղթահարելու համար։ Եվ էստեղ բոցաշունչ ելույթներով կամ տագնապի զգացողություն փորձելով հաղորդել մեր քաղաքացիներին, որևէ կերպ դրանով չենք նպաստում ավելի լավ միջավայր ունենալուն»։
Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ՝ ամբողջությամբ ընդունեց։