Հայաստանը փետրվարի 15-ից օրական չորս կանոնավոր չվերթ է ունենալու դեպի Ռուսաստան, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երեկ Ռուսաստանի կառավարությունը որոշումն արդեն կայացրել է։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց․ - «Նախկինում, որ պայմանավորվել էիք Ռուսաստանի և Բելառուսի գործընկերների հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր համարվում, բայց երեկվա այդ որոշմամբ, ես կարծում եմ, որ մեկ ամսվա խնդիրը դուրս է եկել և փետրվարի 15-ից ունենալու ենք օրը 4 կանոնավոր չվերթներ դեպի Ռուսաստան»։
Փոխվարչապետն ընդգծեց, որ փետրվարի 1-ից՝ այս երեք օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է ընդհանուր առմամբ, օդային ուղիներով՝ երկու օդանավակայանով,3 հազար 900 մարդ, ժամանել՝ 3 հազար 400 մարդ։ Հայկական անձնագրով մեկնածների թիվն, ըստ Մհեր Գրիգորյանի, 1423-ն է, հայկական անձնագրերով Հայաստան ժամանածներինը՝1263։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից գործարկվեց «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրը։ Գրեթե մեկ տարվա դադարից հետո Հայաստանի քաղաքացիները կրկին Ռուսաստան մեկնելու հնարավորություն ստացան։