Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը կկայանա այս ամիս

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը, Մոսկվա, 30-ը հունվարի, 2021թ․

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը տարածաշրջանում հաղորդակցություններն ապաշրջափակելու նպատակով տեղի կունենա փետրվար ամսվա ընթացքում: Այս մասին հայտնում են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30-ին Մոսկվայում: Երեք երկրների փոխվարչապետների որոշմամբ ստեղծվել են երկու փորձագիտական ենթախմբեր: Հայկական կողմից դրանց կազմում ընդգրկված են Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին գործերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի, Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության ներկայացուցիչներ:

Ենթախմբերի առաջին նիստն անցկացվելու է մինչև փետրվարի 5-ը։

Փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծումը հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է։