Շուշիի գրավումից անցել է ընդամենը երեք ամիս, մինչ օրս որևէ փախստական, ըստ հաղորդումների, քաղաք դեռ չի վերադարձել, ադրբեջանցի բարձրաստիճան չինովնիկները, սակայն, արդեն մրցավազքի են դուրս եկել՝ բերդաքաղաքում սեփական գրասենյակը, տունն ու հողակտորն ունենալու համար։ Այս մասին երեկ պետական հեռուստաընկերության եթերում ինքը՝ նախագահ Ալիևը հայտարարեց, չթաքցնելով, որ ենթակաների այդ նկրտումներն սկսել են իրեն հունից հանել։
«Իմ համբերությունը սպառվում է, թող ամեն մեկն իր տեղը նստի ու իր գործով զբաղվի», - ասել է Իլհամ Ալիևը, երբ լրագրողը հետաքրքրվել է՝ ինչպես է նա վերաբերվում Շուշիում մասնաճյուղ բացելու՝ Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությանը, - «Շատ վատ եմ վերաբերվում։ Դա ինքնիրավչություն է, այդպիսի հայտարարություն անելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել իշխանության հետ։ Մեկը գրասենյակ է ուզում բացել, մյուսը՝ մասնաճյուղ․․․ Մենք թույլ չենք տա, որ ամեն ոք անի ինչ մտքին գա, իսկ եթե ոմանք մոռացել են այս մասին, կհիշեցնենք նրանց»։
Ղարաբաղյան պատերազմից հետո առաջին անգամ խոսելով ադրբեջանական էլիտայում սկսված խժդժությունների մասին, Ալիևը փաստել է՝ Շուշի գնալու ցանկությամբ միայն Կենտրոնական բանկի նախագահը չի տոգորվել։ «Նաև այլ կառույցներից են դիմել» , - հայտարարել է նա ու չինովնիկների մի երկար շարք բացահայտել՝ պետական ընկերությունների ղեկավարներից մինչև մաքսային ու սահմանապահ ծառայություն։ - «Ես երբեմն այդ մասին բարձրաձայն չեմ ասում, որ ժողովրդի մոտ նողկանք չառաջացնեմ, ներողություն արտահայտությանս համար։ Սակայն այս ամենն արդեն աբսուրդի է հասնում։ Ինձ զանգահարեց «Ադրբեջանական ավիաուղիների» ղեկավարը, թե ուզում է Շուշիում ինչ-որ կառույց բացել։ Որ ի՞նչ, սա ուղղակի անհեթեթության է հասնում․․․ Հետո Սահմանային պետական ծառայության ղեկավարը զանգեց, հիմա եթե պատմեմ, ձեր ծիծաղն էլ կգա՝ առաջարկում էր Շուշիում սահմանային անցակետ դնել։ Հարցնում եմ՝ Շուշիում սահման կա՞, որ անցակետ եք դնում, կամ՝ սահման կա՞, որ ուզում եք Մաքսային ծառայության կենտրոն բացել․․․ »։
Ադրբեջանի առաջնորդը, ում իրավապաշտպան կառույցներն ու անկախ լրագրողները հաճախ են դասում աշխարհի կոռումպացված ղեկավարների շարքում, խոստովանել է՝ շատ լավ է հասկանում՝ ուր են տանում իր ենթակաների այդ ցանկությունները։ «Ակնհայտ է, որ ուզում են պետության հաշվին ճանապարհներ գցել, տարածք ճանկել, ցանկապատել ու պահակ կարգել, որ հետո ասեն՝ Շուշիում էլ առանձնատուն ունեմ», - հայտարարել է նա, հավելելով՝ ինքը մտադիր է Շուշին դարձնել «մշակութային մայրաքաղաք, ոչ թե չինովնիկական կենտրոն»։ «Ես ազատագրված տարածքներում ժամանակավոր կառավարման կառույցներ եմ ստեղծել, որովետև արդեն տեսնում եմ ու գիտեմ՝ ոմանք աչք են դրել այդ հողերի վրա, հիմա կարծես դրանց հանդեպ հարձակում է սկսվելու, կռիվ՝ սա ինձ, դա քեզ․․․ Սակայն, ես նրանց կասեմ ինչ որ պետք է․ թող ամեն մեկը իր տեղը նստի և զբաղվի իր գործով, այդ տարածքները պետք է վերականգնվեն ըստ մեր ծրագրի, ոչ թե սրա կամ նրա կամքով»։
Այդ ծրագիրը, ըստ Ալիևի, ենթադրում է հետևողական ու մի քանի փուլերից բաղկացած աշխատանք։ «Նախ, պետք է ականազերծել, հայկական կողմը, սակայն, ականապատված հողերի քարտեզը չի տալիս, ուստի մենք հիմա ձևավորում ենք ականազերծման գործակալություն», - ասել է Ալիևը, հավելելով՝ հաջորդիվ Բաքուն սկսելու է քայլեր ձեռնարկել Ադրբեջանին հասցված վնասը գնահատելու համար․ - «Եթե մենք հիմա վնասի գնահատում չիրականացնենք, վաղը չենք կարողանալու փոխհատուցում պահանջել։ Ուստի տեղական բոլոր կառույցները պետք է նախ և առաջ վավերագրեն բոլոր տների փլուզումները։ Անհրաժեշտ է տեսա- և ֆոտո- նկարահանումեր անել, արձանագրել իրավիճակը անօդաչու թռչող սարքերի միջոցով, յուրաքանչյուր շինություն՝ յուրաքանչյուր շենքում ու գյուղում, պետք է ունենա իր անձնագիրը։ Մենք այս փաստերը կներկայացնենք նմանատիպ հարցերով զբաղվող միջազգային ընկերություններին, որպեսզի աջակցեն մեզ Հայաստանի դեմ հայց ներկայացնել՝ ռազմատուգանք ստանալու համար»։
Իլհամ Ալիևը կրկին ծանր մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին, պնդել, թե վերջիններս ոչ մի կանգուն շենք ու ենթակառուցվածք չէին թողել գրավյալ տարածքներում, որոնք վերջին պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ավելի վաղ՝ մոտ երկու շաբաթ առաջ, նա այդ տարածքներում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել, որոնք պետք է գործեն իր անմիջական ղեկավարության ներքո, ենթարկվեն միայն իրեն և հսկեն տեղում տիրող իրավիճակը։