Ռուսաստանում մեկ օրում աննախադեպ մեծ թվով՝ 5 հազարից ավելի ցուցարար է ձերբակալվել

Ռուսաստան - Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին, Սանկտ Պետերբուրգ, 31-ը հունվարի, 2021թ․

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դատապարտել է Ռուսաստանում ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումն ու զանգվածային ձերբակալությունները: Նա կրկին կոչ է արել ռուսաստանյան իշխանություններին կատարել մարդու իրավունքների և ազատությունների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները։

Փետրվարի 4-6-ը Բորելը գտնվելու է Ռուսաստանում, այցի ընթացքում նա հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարարի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ռուսաստանում հունվարի 31-ին ոստիկանությունը և Ռոսգվարդիան ձերբակալել են աննախադեպ մեծ թվով քաղաքացիների։ Ռուսաստանյան 86 քաղաքներում կիրակի օրն անցկացվել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով չարտոնված բողոքի ակցիաներ։

Եվրամիությունն արդեն բազմիցս, և ապարդյուն, Ռուսաստանի իշխանություններից պահանջում է հետաքննել Ալեքսեյ Նավալնիի՝ «Նովիչոկ» խմբի արգելված մարտական նյութով թունավորումը: Եվրոպացի քաղաքական գործիչները պնդում են, որ պետք է ազատ արձակել հունվարի 17-ին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալիս ձերբակալված ընդդիմադիր գործչին:

Նման կոչով կիրակի օրը կրկին հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «ԱՄՆ-ը դատապարտում է իշխանությունների դաժան մարտավարությունը խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ», - հայտարարել է Բլինքենը և Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Նավալնիին ու բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են բողոքի ակցիաների ժամանակ:

Երեկ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 5 հազարից ավելի մարդ, մոտ 1,8 հազարը՝ Մոսկվայում, հազարից ավելին՝ Սանկտ Պետերբուրգում։ "ОВД-Инфо" իրավապաշտպան նախագիծը շեշտում է, որ սա Ռուսաստանի նորագույն պատմության մեջ մեկ օրում ձերբակալվածների ռեկորդային քանակ է։

Երեկ Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցած բողոքի ակցիաները մարդաշատ էին` չնայած իշխանությունների բոլոր նախազգուշացումներին և սպառնալիքներին: Մոսկվայում ցուցարարները պետք է հավաքվեին Լյուբյանկա հրապարակում, սակայն ոստիկանությունը փակել էր ամբողջ կենտրոնը և մետրոյի կենտրոնական 11 կայարաններ, ցուցարարները ստիպված են եղել հավաքվել Սադովոյե Կոլցո օղակաձև պողոտայում, հետո տարբեր խմբերով շարժվել դեպի «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանը։

Մոսկվայի կենտրոնը փակելու մարտավարությունը, ամեն դեպքում, չօգնեց ի չիք դարձնել բողոքի ակցիան։ Սակայն երեկ ցուցարարներն ավելի քիչ էին, քան հունվարի 23-ին, այդուամենայնիվ բողոքի ակցիան մարդաշատ էր, Մոսկվայի փողոցներով հազարավոր ցուցարարներ անցան «Պուտինը գող է», «Ազատություն Նավալնիին» կարգախոսների ներքո։ Իսկ ցույցերի սիմվոլը, ինչպես և մեկ շաբաթ առաջ, «Պուտինի պալատը» սկանդալային ֆիլմի հրապարակումից հետո բողոքի շարժման խորհրդանիշ դարձած զուգարանի խոզանակն էր։

Սանկտ Պետերբուրգում Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները երթ են անցկացրել քաղաքի պատմական կենտրոնում՝ երեք խոշոր հրապարակներում, այդ թվում Իսակիևսկի հրապարակում՝ քաղաքային խորհրդարանի շենքի մոտ: Իրավապահները երեկ հատկապես դաժան էին Պուտինի հարազատ քաղաքում։ Ոստիկանությունն ու Ռոսգվարդիան նորից բիրտ ուժ են կիրառել, ցուցարարներին մահակներով ծեծել են, քաշքշել, էլեկտրաշոկերներ կիրառել, ոստիկաններից մեկը նույնիսկ ծառայողական ատրճանակն էր հանել ցուցարարներին վախեցնելու համար։

Այդուամենայնիվ, երեկվա ցույցերը, չնայած ձերբակալվածների ռեկորդային թվին, ավելի մեղմ էին, քան մեկ շաբաթ առաջ, ցուցարարները մեծամասամբ խաղաղ էին, նրանք նախկին պես չէին հարվածում ձնագնդիներով ոստիկաններին, չէին գնում բախման իրավապահների հետ։

Ալեքսեյ Նավալնիի շտաբը նոր բողոքի ակցիա է հայտարարել փետրվարի 2-ին՝ այդ օրը Մոսկվայի դատարանը կարող է ընդդիմադիր քաղաքական գործչին ուղարկել գաղութ: Ռուսաստանի դատախազությունն արդեն հայտարարել է, որ պահանջելու է մի քանի տարվա ազատազրկում Նավալնիի համար «Իվ Ռոշե»-ի գործով։ Ընդդիմադիր գործչի դեմ նոր քրեական գործ է հարուցվել նաև խոշոր չափի մեքենայությունների հոդվածով՝ մեղադրող կողմը պնդում է, որ Նավալնին խոշոր գումար է գողացել իր իսկ ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամից։

Քաղաքագետ Լեոնիդ Գոզմանը համարում է, որ իշխանությունների մարտավարությունը՝ փակել երկու մայրաքաղաքների կենտրոնը, մետրոյի կայարանները, փողոց հանել հսկայական թվով իրավապահների, նշանակում է, որ իշխանությունները վախեցած են, լրջորեն վախեցած են։ «Ռուսաստանի ամենախելացի մարդիկ, մտավորականները բոլոր այս իշխանությունների դեմ են, իշխանությունների դեմ է հասարակության ակտիվ հատվածը։ Տեսեք ում հետ է երիտասարդությունը։ Իրականում ապագան հաստատ իշխանություններինը չէ, այդ պատճառով նրանք այսօր ատամներով փորձում են պահել իշխանությունը։ Եվ այս բողոքի ակցիաները չափազանց կարևոր են», - ասում է Գոզմանը։

Դե իսկ իշխանությունների կողմից ամբողջովին վերահսկվող դաշնային հեռուստաալիքները երեկ հայտնում էին, որ Նավալնիին աջակցության բողոքի ալիքը մարում է, և հունվարի 31-ին փողոցներ էր դուրս եկել շատ ավելի քիչ մարդ, քան հունվարի 23-ին։