Սեպտեմբերի 27-ից մինչև հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանված 72 քաղաքացիական անձի մարմին, ընդ որում` 41-ը մահացել է թիրախային հարվածների հետևանքով, իսկ 31-ը Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված խաղաղ բնակիչների սպանության դեպքերն են։
Իր հերթին Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է, որ պատերազմի ընթացքում 94 խաղաղ բնակիչ է մահացել։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը։ Պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Սառաջյանի փոխանցմամբ՝ արձանագրել են ինչպես խոշտանգման և դիակների խեղման, այնպես էլ անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր։
«Պաշտպանը արձանագրել է առերևույթ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դեպքեր դիակների վրա ինչպես մինչև մահանալը, այնպես էլ հետմահու: Դրանց վերջնական եզրակացությունը կտան փորձաքննության արդյունքները, որին մենք կրկին կանդրադառնանք այդ մասով պատրաստ լինելուն պես: Սա կրկին ապացուցում է Ադրբեջանի ձեռագիրը, անմարդկային վերաբերմունքը նույնիսկ խաղաղ բնակչության նկատմամբ, այն մասին, որ նրանք չեն խնայում նույնիսկ ծեր և անօգնական մարդկանց: Թարմացված տարբերակը մենք ուղարկում ենք միջազգային գրեթե բոլոր կառույցներին, որպեսզի իրենց համար ևս տեսանելի և ընկալելի լինի Արցախի Հանրապետությունում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանված հատկապես քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկությունները: Մենք ակնկալում ենք իրենց արձագանքը», - ասաց Սառաջյանը:
Փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարին Տակի բնակիչ, 57-ամյա Ալվարդ Թովմասյանի դին հունվարի 13-ին հենց իր տան բակում թաղված էին գտել, եղբոր կնոջ՝ Նաիրա Թովմասյանի խոսքով՝ դին դաժանորեն խոշտանգված ու մասնատված էր եղել։ Հարազատները չէին կարողացել կնոջը համոզել լքել իր տունը։
«Հոկտեմբերի 20-ին գյուղից դուրս եմ եկել, ինչքան արի, որ ինքը իմ հետ գա, չեկավ: Ասում եմ՝ դուրս արի, ասում են՝ թուրքերն արդեն մտնում են Սղնախ գյուղ, դուրս չեկավ ոչ մեկի հետ, ասում էր՝ ես մեր տնից դուրս չեմ գալու: Հունվարի 13-ին, որ մտան գյուղ, այնտեղ աճյունը գտավ ամուսինս», - ասաց եղբոր կինը:
Կան նաև անհետ կորած քաղաքացիական անձինք, որոնց դեռ շարունակում են որոնել։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ նրանց մի մասը հավանաբար գտնվում է ադրբեջանական գերության մեջ, իսկ մյուս մասը ենթադրաբար սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այդ մասին են վկայում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան բնակավայրերում քաղաքացիական անձանց դիակների հայտնաբերման պարբերական դեպքերը», - ասում է Արսեն Սառաջյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կան ահազանգեր, կան տարբեր դեպքերի վերաբերյալ տեղեկություններ անհայտ կորած քաղաքացիական բնակչության վերաբերյալ տեղեկություններ, որոնք այս պահին գտնվում են ուսումնասիրության փուլում և տեղեկությունների հավաքագրման փուլում», - նշեց պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատարը:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկացմամբ՝ նոյեմբերի 13-ից ի վեր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1344 աճյուն, նախնական տվյալներով նրանցից 15-ը խաղաղ բնակիչներ են եղել. «Որոնողական աշխատանքների առաջին օրերին հիմնականում Շուշիում հայտնաբերված դիերը ճանաչելի էին, քանի որ դեռ թարմ էին, ասպես ասած, իսկ դրանից հետո հիմնականում մենք քաղաքացիական անձանց հայտնաբերել ենք որոնողականի ընթացքում Հադրութի շրջանի գյուղերից, հիմնականում՝ Տող, Դրախտիկ, Ազոխ, եղել է դեպք Քարին Տակից, այս վերջին օրերի ընթացքում մեծ մասամբ անճանաչելի են եղել: Հարազատները ճանաչել են կա՛մ հագուստից, կա՛մ նրա մոտ առկա հեռախոսից, նաև դատաբժշկական փորձաքննությունից են հայտնաբերվել: Գուցե էլի կլինեն դեպքեր, որ քաղաքացիական են եղել, բայց դեռ դատաբժշկական փորձաքննությունը արդյունք չի տվել: Հրապարակված 15 թիվը կավելանա գուցե առաջիկայում»:
Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ կան նաև ինքնությունը չպարզված քաղաքացիական անձանց աճյուններ, գերության մեջ խոշտանգված դիեր, որոնց Ադրբեջանը չի հանձնել հայկական կողմին։ Զեկույցում տեղեկություններ ենք կարդում նաև, թե օրինակ՝ ինչպես են քաղաքացիական անձինք սպանվել ադրբեջանական գերության մեջ կամ նրանց վերահսկողության տակ անցած տարածքներում՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի և այլ միջոցների կիրառմամբ։
Սպանվածների մեծ մասը հիմնականում Հադրութի տարեց բնակիչներ են եղել։ Օրինակ՝ որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից հայտնաբերվել էին ամուսիններ 82-ամյա Նինա և 86-ամյա Դավիթ Դավիդյանների դիերը՝ մասնատված վիճակում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ նման դեպքերը Եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի իրավունքի խախտումներ են։ Օմբուդսմենի խոսքով՝ յուրաքանչյուր դեպք հայտնաբերելիս միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում այդ հարցի վրա: