Շաբաթներ առաջ ազատազրկված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հորդորել է աջակիցներին առաջիկա կիրակի կրկին ողջ երկրով մեկ փողոց դուրս գալ՝ չենթարկվելով իշխանության ճնշումներին։
«Ոչ մի բանից մի՛ վախեցեք, ոչ ոք չի ուզում ապրել մի երկրում, որտեղ համատարած բռնապետություն ու կոռուպցիա է տիրում, մեծամասնությունը ձեզ հետ է», - գրել է Նավալնին այսօր համացանցում հրապարակված բաց նամակում։
Երեկ Մոսկվայի շրջանային դատարանն օրինական ճանաչեց Նավալնուն 30-օրյա կալանքի դատապարտելու որոշումը, իրավապահները Կրեմլի քննադատին ազատազրկել են իր գտնվելու վայրի մասին դաշնային ծառայություններին պատշաճ կարգով չտեղեկացնելու մեղադրանքով։
Արևմուտքն ու իրավապաշտպանները, սակայն, քաղաքական են որակում Նավալնու ձերբակալությունը։ Անցած շաբաթ նրա ազատ արձակման պահանջով տեղի ունեցած ցույցերի ժամանակ ձերբակալվել էր մոտ 4 հազար մարդ։