«Ադրբեջանական արբանյակները կարևոր դեր խաղացին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում», - նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևի հետ հեռավար հանդիպման ժամանակ։
«Երբ մենք արբանյակներ էինք ուղեծիր դուրս բերում, ոմանք հարցնում էին, թե ինչների՞ս է դա պետք։ Կյանքը ցույց տվեց, որ դա շատ անհրաժեշտ էր։ Արբանյակների կիրառումը թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ դրանից հետո մեզ ահռելի առավելություն ապահովեց», - ասել է Ալիևը։
«Օնլայն ձևաչափով թշնամու տեղաշարժի դիտարկումը մեզ հավելյալ առավելություն ապահովեց։ Պատահական չէ, որ ռազմական փորձագետները Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները 21-րդ դարի պատերազմ անվանեցին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական առաջին արբանյակը տիեզերք է արձակվել 2013 թվականի փետրվարին։