«Հայրենիքի փրկության շարժումը» մեծ հանրահավաք է նախատեսում փետրվարի 18-ին, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի եթերում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ նշելով՝ բողոքի գործողություներ այս օրերին էլ կան։
«Ենթադրվում է, որ հաջորդ մեծ հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 18-ին։ Սա շատ նախնական եմ ասում։ Ես օրական ստանում եմ տասնյակ հարյուրավոր նամակներ, ովքեր ասում են, որ պետք է լինել վճռական, գնալ գրավել Ազգային ժողովի շենքը, Կառավարության շենքը, Դատախազության շենքը», - ասաց Սաղաթելյանը։
Դիտարկմանը, թե Կառավարության, Ազգային ժողովի շենքեր, անգամ Կառավարական տուն արդեն մտել են, Սաղաթելյանն այսպես արձագանքեց․ - «Այո՛, և վարչապետը շարունակեց մնալ իշխանության։ Դա նշանակում է, որ իշխանությունից այս դավաճաններին հեռացնելու ճանապարհը մենակ շենք վերցնելը չէ։ Մեր բանաձևը և սկզբունքը եղել է հետևյալը՝ համաժողովրդական պահանջը պետք է վերածել համաժողովրդական պայքարի և համաժողովրդական ճնշման տակ հեռացնել այս չարիքի կառավարությանը։ Մենք ինչ-որ տեղերում չենք հաջողել, բայց դա չի նշանակում, որ պայքարն ավարտվեց, վերջացավ և պետք է այսօրվա իշխանությունը հանգիստ մեր երկիրը տանի կործանման։ Ես շատ վստահ եմ, որ առաջիկա օրերին մեր շարժումը նոր թափ կհավաքի և խնդիրը, որ դրված է բոլորիս առաջ, միասին կիրականացնենք»։
Օգատետերից մեկի հարցին՝ «դուք և ձեզ միացած քաղաքական ուժերը, եթե գաք իշխանության, արդյո՞ք կարող եք Ադրբեջանին վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի ֆորմատ, և եթե այո, ապա ի՞նչ գործիքակազմով ու մեխանիզմով եք դա անելու», «Հայրենիքի փրկության շարժման» համակարգողը պատասխանեց․ - «Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Մեր տեսակետը՝ Դաշնակցության, բացառել Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմ։ Երկրորդ՝ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության նոր հայեցակարգ, որի հիմքում պետք է դրված լինի Արցախի բնակչության անվտանգությունը, փախստականների վերադարձը և ամենակարևորը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը և միջազգային ճանաչումը։ Այո՛, մենք գտնում ենք, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և Ալիևի այն կարծիքը, որ արդեն լուծված է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բնականաբար, լուծված չէ։ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, ով ի վիճակի է այս ուղղությամբ իրականացնել հետևողական քայլեր»։
Մեկ այլ հարցի, թե Լավրովյան պլանը մերժելո՞ւ էին, Սաղաթելյանը պատասխանեց․ - «Լավրովյան պլանն իհարկե մերժելու էինք։ Գիտեք, ցանկացած առաջարկ, երբ որ հնչեցվում է, պետք է տեսնես այդ իրավիճակում, այդ պայմաններում քո հնարավորությունները, աշխարհաքաղաքական իրավիճակը, դու ինչ հնարավորություն ունես։ Ժամանակին շատ փաստաթղթեր մերժվել են, որովհետև կարողացել ենք մենք մերժել և երկիրը չբերել հասցնել պատերազմի, մերժել՝ հիմնավորումներով։ Ամենավատ տարբերակը նա էր, ինչ տեղի ունեցավ, սրանից վատ լինել չէր կարող»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև