Քովիդ ու պատերազմ չտեսած 2019-ին, Թամազյանի փոխանցմամբ, հավաքագրվել էր 1 տրիլիոն 507 միլիոն դրամ․ - «Բնականաբար, 2019 թվականի հետ տվյալները համադրելի չեն, որովհետև հայտնի է, որ 2020 թվականի մարտ ամսից կորոնավիրուսային համավարակը ակտիվացավ հանրապետությունում»։
Անցած տարի Հայաստանի 1000 խոշոր հարկատուները վճարել են ընդհանուր հավաքագրված գումարի 71,3 տոկոսը։ 2020 թվականի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակոն»՝ ավելի քան 50 միլիարդ 670 միլիոն դրամի վճարած հարկերով։ Երկրորդը «Գազպրոմ Արմենիան» է․ ռուսական «Գազպրոմի» դուստր ընկերությունը նախորդ տարի շուրջ 45 միլիարդ 560 միլիոն դրամ է վճարել։ Երրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատն է, որին հաջորդում է Սոթքի ոսկու հանքը շահագործող ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդը»։ Հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտմամբ պայմանավորված՝ հանքավայրի հետագա ճակատագիրն առայժմ անհայտ է։
Տասնյակում են նաև երեք այլ ծխախոտ արտադրողներ «Ինթերնեյշնլ Մասիս տոբակը», «Ֆիլիպ Մորիս Արմենիան» և «Ջեյ-Թի-Այ Արմենիան»։ Տասնյակից դուրս է մնացել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բաժանված Սոթքի հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը ավելի քան 23 միլարդ դրամի հարկեր է վճարել նախորդ տարի, ինչը շուրջ 9,4 միլիարդով ավելի է, քան 2019-ին։
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի պարզաբանմամբ, այդ աճը պայմանավորված էր ոսկու գներով․ - «Քովիդ-19-ի պայմաններում, առհասարակ 2020 թվականին զգալիորեն բարձրացավ ոսկու գինը, որը, բնականաբար, ենթադրում է նաև ավելի շատ հարկերի վճարում պետական բյուջե «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի կողմից»։
Պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում հանքավայրի մի մասն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Տնտեսագետի համոզմամբ՝ սա նոր մարտահրավեր է Հայաստանի տնտեսության համար․ - «Այո, սպասելի է, որ հնարավոր եկամուտների կորուստը «Գեոպրոմայնինգ Գոլդի» կողմից բավականին շոշափելի հարված կարող է լինել մեր տնտեսության համար»։
Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը ազդեցություն է ունենալու հավաքագրվելիք հարկերի թվի վրա, հայտնում են Պետեկամուտների կոմիտեից։
«Թե ինչ պատկեր մենք կունենք 2021 թվականին կախված կլինի այն փաստից թե կազմակերպությունը երբ կսկի գործել և ինչ պայմաններով կկազմակերպի իր գործունեությունը», - օրերս հայտարարել էր ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը։
ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման վարչության պետ Կարեն Թամազյանը այսօր այլ թեմաների էլ անդրադարձավ։ Ըստ նրա, կորոնավիրուսային տարում աշխատատեղերի անկումը հիմնականում նկատվել է ապրիլ ամսից սկսած, ինչի պատճառը սահմանափակումներն էին. - «Օրինակ ապրիլ ամսին աշխատողերի թվաքանակը արդեն իջել էր շուրջ 547 հազար, երբ մարտ ամսին, օրինակ, 620 հազար աշխատատեղ կար»։
Այդուհանդերձ, տարեկան կտրվածքով աշխատատեղերի քանակը 1,2 տոկոսով ավելացել է։ ՊԵԿ պաշտոնյայի խոսքով, դա պայմանավորված է հարկատուների կարգապահությամբ․ նրանք գրանցել են աշխատողներին․ - «Իրենց համար արդեն ընկակելի է այն հանգամանքը, որ ձեռնտու է աշխատողին ավելի շատ գրանցել, քան չգրանցել»։