Քառամյա դադարից հետո Հունաստանն ու Թուրքիան վերսկսել են ուղղակի բանակցությունները

Ավելի քան չորս տարի տևած դադարից հետո Աթենքն ու Անկարան վերսկսում են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը նվիրված բանակցությունները: Հույն-թուրքական դիվանագիտական խորհրդակցությունների երկար սպասված փուլը մեկնարկեց այսօր Ստամբուլի Swissotel հյուրանոցում։

Reuters գործակալության տեղեկություններով` դռնփակ բանակցությունների օրակարգային թիվ մեկ թեման Միջերկրական ծովի վիճելի հատվածներում Հունաստանի և Թուրքիայի սահմանների հստակեցման հնարավորությունն է։

Հունական «Քաթիմերինի» թերթի փոխանցմամբ, սակայն, օրակարգի ձևավորման փուլում արդեն հույն և թուրք դիվանագետների միջև տարաձայնություններ են ի հայտ եկել։

«Հունական կողմը ցանկանում է քննարկել բացառապես ծովային սահմանների դեմարկացիայի խնդիրը։ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ցանկությունն այլ է։ Անկարան ուզում է բանակցությունների օրակարգում ընդգրկել երկկողմ հարաբերություններում կուտակված տարաձայնությունների ողջ սպեկտրը՝ հունական կղզիների ապառազմականացումից մինչև Հունաստանում բնակվող մահմեդականների իրավունքների պաշտպանությունը», - գրում է հունական պարբերականը։

Reuters-ի փոխանցմամբ, ի դեպ, Արևմուտքում բանակցությունների անցկացման փաստն ինքնին դրական են գնահատում։ Դրանք, ըստ գործակալության, հնարավոր դարձան այն բանից հետո, երբ Թուրքիան համաձայնեց առժամանակ դադարեցնել Միջերկրական ծովի՝ գազով հարուստ հատվածներում իրականացվող երկրաբանական հետախուզությունը, ինչպես նաև որոշակիորեն մեղմեց իր ռազմաշունչ հռետորաբանությունը։ Ինչ վերաբերում է այդ բանակցությունների արդյունավետությանը, ապա այս հարցում ԵՄ-ն առայժմ մեծ պատրանքներ չունի։

Դաշինքի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույն-թուրքական բանակցությունների մեկնարկը «հնարավորությունների պատուհան» է անվանել։

Եվրամիության մեկ այլ բարձրաստիճան դիվանագետ էլ, որ չի ցանկացել հրապարակել իր անունը, Reuters-ին փոխանցել է. «Առայժմ լավատեսության որևէ առիթ ես չեմ տեսնում։ Հաշտեցմանն ուղղված մեծ փորձեր, որոնք հնարավորություն կտան շեղվել ներկա ընթացքից, ևս չեն նշմարվում։ Դրա համար Թուրքիայից նշանակալի քայլեր են պահանջվում», - պնդել է եվրոպացի դիվանագետը։

Անկարայում, սակայն, անհամեմատ ավելի լավատես են կամ էլ առնվազն հմտորեն նման տպավորություն են ստեղծում։ Անցած շաբաթ այցելելով Բրյուսել` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդում էր, որ ԵՄ-ի և Անկարայի միջև դրական մթնոլորտ է ձևավորել։ Բացի այդ, թուրքական դիվանագիտության ղեկավարը պնդում էր, որ առաջիկա երկու ամիսներին Նյու Յորքում բանակցություններ կանցկացվեն նաև Կիպրոսի ներկայացուցիչների հետ։

Աթենքում, սակայն, զգուշավոր լավատեսությունը համատեղում են «միամտության զրոյական աստիճանի հետ»։ Անցած շաբաթ Հունաստանի խորհրդարանում հնչեցրած ելույթում նման ձևակերպում օգտագործեց երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ պնդելով, որ իր ղեկավարած կառավարության համար Էգեյան ծովի կղզիների և Միջերկրական ծովի արևելյան հատվածում հունական ինքնիշխան իրավունքների պաշտպանությունը շարունակում է առանցքային խնդիր մնալ։ Ուշագրավ է, որ վարչապետ Միցոտակիսի այս հայտարարությունը հնչեց այն օրինագծի քննարկման ժամանակ, որով Էգեյան ծովում գտնվող հունական կզղիների շրջակայքում գտնվող 12 մղոնանոց գոտին Հունաստանի տարածք է հռչակվում։ Թուրքիան, ի դեպ, հայտարարել էր, որ այս որոշումը պատերազմի հայտարարությանը հավասարազոր քայլ կարող է ընկալվել Անկարայի կողմից։

Արևմտյան փորձագիտական շրջանակների համոզմամբ, սակայն, տեսանելի ապագայում Թուրքիան հազիվ թե կտրուկ քայլերի դիմի։ Դրա հիմնական պատճառները երկուսն են՝ երկրում ծագած տնտեսական ճգնաժամը և ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությունը։ Վերջին շրջանում այդ ուղղությամբ որոշակի միտումներ նկատվում են։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` տարեսկզբից ակտիվացել են Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների շփումները։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանյուել Մակրոնը բավական ջերմ նամակագրության մեջ են մտել՝ պայմանավորվելով նաև մոտ ապագայում հեռավար բանակցություններ անցկացնել։

Երկու նախագահների հարաբերություններում նկատվող լարվածությունը թուլացավ այն բանից հետո, երբ Թուրքիան Փարիզում դեսպանի պաշտոնում նշանակեց Ֆրանսիայի նախագահի համակուրսեցի Ալի Օնաներին։ Ըստ թուրքական աղբյուրների` Մակրոնն ու Օնաները Ֆրանսիայի Ադմինիստրատիվ ազգային դպրոցում իրար հետ սովորել էին համեմատաբար վերջերս՝ 2002-ից 2004 թվականներին։