Եվրամիության ԱԳ նախարարները քննարկում են Նավալնիի կալանավորմանն արձագանքելու հնարավորությունը

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների գագաթնաժողովից առաջ պատասխանում է լրագրողների հարցերին, Բրյուսել, 25-ը հունվարի, 2021թ.

Եվրոպական միության արտգործնախարարներն այսօր Բրյուսելում պետք է արձագանքեն Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի կալանավորմանը և բողոքի ցույցեր կազմակերպած նրա աջակիցների նկատմամբ Ռուսաստանի ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը:

Ենթադրվում է, որ հունվարի 23-ին Ռուսաստանի իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 3 հազար 700 ցուցարարների: Միայն Մոսկվայում մոտ 1,5 հազար մարդ է ձերբակալվել:

Սանկտ Պետերբուրգից մինչև Վլադիվոստոկ տեղի ունեցած զանգվածային ակցիաներին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ կառույցը կքննարկի Ռուսաստանի վերաբերյալ հետագա քայլերը: Եվրամիության երկրներից մի քանիսը կոչ են անում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօրվա գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատել Նավալնիին:

«Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ մենք պարզապես չենք հասկանում, թե ինչու են ձերբակալել Նավալնիին: Այդ բոլոր ձերբակալություններն ապօրինի են», - պնդել է Մաասը: