Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ռուսաստանում ընդդիմության չարտոնված ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու և հազարավոր ակտիվիստներին բերման ենթարկելու գործելակերպը:
Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը երեկ Մոսկվային կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:
«Միացյալ Թագավորությունը խստորեն դատապարտում է ակտիվիստների և լրագրողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու Ռուսաստանի իշխանության գործելակերպը, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հարգել մարդու իրավունքները պաշտպանելու հարցով Եվրոպայի խորհրդում և ԵԱՀԿ-ում ստանձնած միջազգային պարտավորությունները և ազատել ձերբակալվածներին»,- Թվիթերի պաշտոնական էջում գրել է արտգործնախարաար Ռաաբը:
Նմանօրինակ հայտարարությամբ հանդես է եկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը:
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են ռուսաստանյան քաղաքներում ցուցարարների և լրագրողների նկատմամբ կոշտ ռազմավարության գործադրումը, Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը և դրան հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում դաժան միջոցների կիրառումը քաղաքացիական հասարակության և հիմնարար ազատությունների հետագա սահմանափակումների մտահոգիչ նշաններ են»,- հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: