44-օրյա պատերազմից հետո սա Արցախի ղեկավարի երկրորդ մասնակցությունն է Հայաստանի Անվտանգության խորհրդի աշխատանքներին` չնայած Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարության հրապարակային դժգոհությանը պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև կապերի առնչությամբ։
«Առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված», - ըստ կառավարության հաղորդագրության, ասել է վարչապետ Փաշինյանը՝ կարևորելով խորհրդակցությանը Արցախի նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում:
Արցախի նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Արայիկ Հարությունյանը ողջունել է Հայաստանի կողմից նման ձևաչափով խորհրդակցություններն ավելի հաճախ անցկացնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ «հետպատերազմյան ժամանակաշրջանի անվտանգային ու սոցիալ-տնտեսական խնդիրների արագ հաղթահարման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում դրանք առանցքային նշանակություն ունեն»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով, հատկապես հետպատերազմյան շրջանում հարկ է լրացուցիչ ջանքեր գործադրել պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի կապերի ամրապնդման ուղղությամբ՝ առաջարկելով Անվտանգության խորհուրդների հաջորդ համատեղ նիստն անցկացնել Ստեփանակերտում։
«Հայաստանը, այո, մնում է Արցախի անվտանգության երաշխիքներից մեկը։ Դրանով Հայաստանը ցույց է տալիս, որ այդ սադրանքները, որ անում է Ադրբեջանը, այդ թվում՝ պահանջելով, որ պաշտոնական մակարդակով չլինեն կոնտակտները Արցախ – Հայաստան, նաև, որ մեր պաշտոնյաները չմտնեն Արցախ, դրա պատասխանն է», - նշեց Գրիգորյանը։
Հունվարի 3-ին Երևանում կայացած Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստից երկու օր անց, որին պատերազմից հետո առաջին անգամ ներկա էր նաև Արցախի նախագահը, Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը մեկնեց Ստեփանակերտ՝ հանդիպումներ ունենալով նախագահի, խորհրդարանի ղեկավարի և արտգործնախարարի հետ։
Այցը քննադատեց Ադրբեջանի արտգործնախարարությունը, իսկ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. - «Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Խանքենդի։ Ի՞նչ ես դու այնտեղ անում։ Թող չմոռանան պատերազմը։ Այդ այցերին պետք է վերջ տրվի»։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակը արձագանքեց, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով:
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Ֆինանսների նախարարությունից այսօր հայտնեցին, որ ինչպես 1994 թվականից ի վեր, այս տարի ևս Հայաստանի կառավարությունը Արցախի կառավարությանը հատկացնելու է միջպետական վարկ. 2021-ին տրամադրելու է 64,7 միլիարդ դրամ, իսկ 2020-ին հատկացրել է 70 միլիարդ։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով, Հայաստանի Անվտանգության խորհրդի աշխատանքներին Արցախի նախագահի շարունակական մասնակցությունը հարկ է ընկալել որպես պաշտոնական Երևանի ուղերձ, որ, չնայած Արցախում ռուս խաղաղապահների ներկայությանը, Հայաստանը իրեն է համարում Արցախի անվտանգության երաշխավորը, Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման պատասխանատուն։
«Արցախի նախագահի ներկայությունը Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություններին պետք է դիտարկել վարչապետի մոսկովյան հայտարարության համատեքստի մեջ, երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ըստ էության հայտարարեց, որ Հայաստանի համար արցախյան հակամարտությունը դեռևս ավարտված չէ, արցախյան հակամարտության ավարտը կնշանավորվի էն դեպքում, երբ որ մենք կունենանք Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ հստակ երաշխիքներ և այդ կարգավիճակի շուրջ ընդհանուր հայտարար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչինյանը։
Ի դեպ, ո՛չ այս տարվա հունվարի 3-ին կայացած Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստին, ո՛չ էլ այսօրվա խորհրդակցությանը ներկա չէր անցած տարվա դեկտեմբերին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Վիտալի Բալասանյանը՝ չնայած Բալասանյանի նշանակումից երկու շաբաթ անց նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել էր Արցախում Անվտանգության խորհրդի կարևորության աճի մասին՝ օրինակ, խոստանալով, որ Արցախի պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ։
Ստեփան Գրիգորյանի կարծիքով, ներկա պայմաներում Արցախի անվտանգությունն ապահովելու համար Հայաստանը նախևառաջ պետք է ձեռնարկի դիվանագիտական ու քաղաքական քայլեր․ - «Երեկ Եվրոպառլամենտը արեց շատ լուրջ հայտարարություն։ Այդ հայտարարությունը պետք է առանձին քննարկման առարկա դառնա և՛ Արցախում, և՛ Հայաստանում, որ այս ինստրումենտը օգտագործենք։ Մենք տեսնում ենք նաև հայտարարություններ պաշտոնյաներին Միացյալ Նահանգների, նոր ադմինիստրացիայից հետո ակտիվացումը։ Ուրեմն դա էլ պետք է օգտագործենք»։
Արեգ Քոչինյանի խոսքով, Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանը պետք է օրակարգային դարձնի հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում․ - «Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի իր բոլոր քաղաքական նախաձեռնությունները և բոլոր իր գործընկերների հետ համագործակցությունը այս հարցը քաղաքական կոնյուկտուրա տեղափոխելու և Մինսկի խմբի համանախագահների բանաձևով կարգավիճակի հարցի լուծմանը և Արցախի երկու շրջանների՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիային հասնելու համար»։