Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը շեշտում է՝ ղարաբաղյան խնդրի երկարատև կարգավորումը դեռ գտնված չէ, դատապարտում է Թուրքիային


Եվրախորհրդարանի նիստ, արխիվ
Եվրախորհրդարանի նիստ, արխիվ

Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունած «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» զեկույց-բանաձևում խստորեն դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերը առանց այն էլ անկայուն Հարավային Կովկասում, կոչ արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց, և նպաստել խաղաղությանը։

Եվրախորհրդարանը նաև դատապարտել է Սիրիայից և այլ վայրերից Թուրքիայով ահաբեկիչների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։

Եվրոպացի պատգամավորներն ափսոսանք են հայտնում, որ Թուրքիան փորձել է նաև խարխլել հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Զեկույց-բանաձևում Եվրախորհրդարանը ողջունում է նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնությունը՝ միաժամանակ ափսոսանք հայտելով, որ ղարաբաղյան ստատուս քվոն փոխվել է ռազմական ուժի, ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով, և Եվրամիությանը կոչ անելով ավելի նշանակալի ներգրավվածություն ունենալ հակամարտության կարգավորման գործում, «չթողնել տարածաշրջանի ճակատագիրը այլ տերությունների ձեռքերում»։

Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, և կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան, որն արգելում է այդ զինատեսակի օգտագործումը։

Երկարատև կարգավորումը դեռ գտնված չէ, խաղաղության հասնելու, տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինի Հիմնարար սկզբունքների վրա, ասված է փաստաթղթում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG