Նավալնին «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանի կարանտինային բաժանմունքում է

Ալեքսեյ Նավալնին, ում երեկ դատարանը դատապարտել էր 30 օրվա ազատազրկման, «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանի կարանտինային բաժանմունքի 3-րդ խցում է: Խցում նա մենակ է, քանի որ արտասահմանից ժամանելուց հետո պետք է անցնի 14-օրյա կարանտին համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է Մոսկվայի հանրային պալատի անդամ Ալեքսեյ Մելնիկովը, ով այցելել է ընդդիմադիր գործչին քննչական մեկուսարանում։

Նրա խոսքով՝ խցում կա սառնարան, էլեկտրական թեյնիկ, հեռուստացույց և տաք ջուր։ Մելնիկովը նաև փոխանցել է Նավալնիի խոսքերն այն մասին, որ ընդդիմադիր գործիչն ուրախ է կրկին հայտնվել հայրենիքում և շնորհակալություն է հայտնել աջակցության համար: Նավալնին նաև ասել է, որ մեկուսարանի աշխատակիցների կողմից իր վրա բարոյական և ֆիզիկական ճնշում չի գործադրվում:

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, հիշեցնենք, կիրակի երեկոյան ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Գերմանիայից, որտեղ բուժվում էր թունավորումից հետո: Երեկ դատարանը Խիմկի քաղաքի ոստիկանության շենքում նրան կալանավայր է ուղարկել մինչև փետրվարի 15-ը։ Փետրվարի 2-ին նշանակված է «Իվ Ռոշե» գործով Նավալնիի պայմանական ժամկետը իրական ժամկետով փոխարինելու մասին դատարանի նիստը: Նավալնու կողմնակիցներն ասում են, որ ընդդիմադիր առաջնորդին կարող են դատապարտել մի քանի տարվա իրական ազատազրկման։

Ալեքսեյ Նավալնին թունավորվել էր օգոստոսի 20-ին, արևմտյան մասնագետները պնդում են, որ Պուտինի կոշտ ընդդիմախոսին թունավորել են «Նովիչոկ» տիպի նյարդապարալիտիկ արգելված նյութով, որը համարվում է քիմիական զենք։

Արևմտյան առաջնորդները, միջազգային կազմակերպությունները Ռուսաստանի իշխանություններից պահանջել են անհապաղ ազատել Նավալնիին, սակայն ընդդիմությունը համոզված է, որ արևմուտքը ոչինչ չի կարող անել, և Ռուսաստանի իշխանություններն այդ պահանջներն անտեսելու են։ Ինքը` Նավալնին իր թունավորման մեջ մեղադրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր է բողոքի ակցիաներ կազմակերպել։ Նավալնին իր կողմնակիցներին ոստիկանության շենքից կոչ էր արել դուրս գալ փողոց. «Ինչի՞ց են վախենում բունկերում թաքնված գողերը, վախենում են, որ մարդիկ դուրս գան փողոց, սա է քաղաքականության հիմնական ֆակտորը։ Դուրս եկեք փողոց, մի՛ վախեցեք, ձեզ համար դուրս եկեք, ոչ թե ինձ համար»:

Ռուսաստանցիները Նավալնիի վերադարձն ու ձերբակալությունն ակտիվ քննարկում են համացանցում։

Ռուսաստանցի փորձագետներն էլ կանխատեսում են բելառուսական սցենար Ռուսաստանի համար արդեն այս տարի: Ընդ որում Կրեմլից անկախ փորձագետներից շատերը գրում են, որ Նավալնուն առնվազն մի քանի տարով` մինչև 2025 թվականը, կփակեն բանտում։ Այս տարի օգոստոսին երկրում պետք է անցնեն խորհրդարանական ընտրություններ, իսկ 2024-ին` նախագահական։ Քաղաքագետները համարում են, որ իշխանությունները հնարավոր ամեն ինչ կանեն Նավալնիին չեզոքացնելու համար։

Հավելենք՝ այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն արձագանքեց Նավալնու վերադարձին և ձերբակալմանը։ Դմիտրի Պեսկովը մասնավորապես ասաց, թե Նավալնու ձերբակալությունը, նրա դեմ դատավարությունը Ռուսաստանի ներքին գործն են, և Կրեմլը մտադիր չէ ականջ դնել այս հարցում արևմուտքից հնչող պահանջներին ու կոչերին։ Ասաց նաև, որ Նավալնու կալանավորումը պետք չէ կապել Պուտինի հետ, և որ պնդումները, թե Կրեմլը վախենում է Նավալնուց, անհեթեթություն են։ Ավելին` Պեսկովի խոսքով` Կրեմլը նաև չի վախենում է մարդաշատ բողոքի ակցիաներից։