Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում պատգամավորը վերահաստատեց իր ավելի վաղ արած հայտարարությունը, որ դուրս է գալիս իշխող «Իմ քայլը» խմբակցությունից։ 29-ամյա պատգամավորը չժխտեց, որ 2018 խորհրդարանական ընտրություններին ստացած ձայներում նշանակություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի գործոնը, սակայն պնդեց, թե քվեների զգալի մասն իրեն տրվել է որպես անհատի:
«Ուզում եմ հիշեցնել, որ ես նախևառաջ մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ եղել, հավաքել եմ առավել քան 5,5 հազար ձայն, և դրա զգալի մասը տրվել է ինձ որպես անհատի և և այն թիմին, որի ներկայացուցիչը եղել եմ ես։ Ես այստեղ է եմ սյունեցիների և վայոցձորցիների քվեարկության արդյունքում», - հավելեց Գրիգորյանը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը») հակադարձում է՝ այն բոլոր պատգմավորները, ովքեր լքել են «Իմ քայլը» խմբակցությունը լեգիտիության խնդիր ունեն․ - «Նախ ես չեմ կարող անվանել գործընկեր, որովհետև մենք իրար հետ չենք աշխատել։ Այո, ներգրավված է եղել մեր ցուցակում, բայց ես անձամբ իրեն չեմ ճանաչել։ Կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցության մանդատը դա մեկ միասնական մանդատ է, որը որ առաջնահերթ տրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և երբ որ դու հայտարարում ես, որ առանձնանում ես, երբ որ դու հայտարարում ես, որ դուրս ես գալիս, դու պետք է հասկանաս, որ քո լեգիտիմությունը՝ որպես պատգամավոր, այդքան էլ վստահելի չէ»։
Պատգամավորի լիազորությունները երդմամբ ստանձնելուց մի քանի ժամ անց Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Ըստ նրա, իշխանությունները ղարաբաղյան բանակցությունները շարունակելու և իրական արդյունքներ արձանագրելու ներուժ չունեն։ Սակայն այս փուլում, կարծում է, հասարակությունը արտահերթ ընտրությունների պատրաստ չէ, ինքը անցումային կառավարության կողմնակից է, բայց միաժամանակ ասում է՝ հետևությունը, թե ինքը սատարում է վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժմանը» և նրանց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, «քառակուսի մտածելակերպի» հետևանք է․ - «Պատերազմում պարտված իշխանությունը անխուսափելիորեն պետք է հեռանա։ Արդյո՞ք հնարավոր է այսօր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կարծում եմ, որ հնարավոր չէ։ Շատ լարված է իրավիճակը, և հնարավոր են քաղաքացիական բախումներ։ Այդ առումով, կարծում եմ, դեռ պետք է խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից»։
«Ազատության» հարցին, թե այդ դեպքում որն է իր առաջարկը, Գրիգորյանն արձագանքեց․ - «Եթե դուք ուզում եք, որ ես կոնկրետ անուն տամ․․․ որևէ քաղաքական ուժի չեմ սատարում։ Եթե խոսքը գնում է, թե հենց վաղը ինչ պետք է տեղի ունենա, ես չգիտեմ։ Որովհետև ես ուզում եմ տեսնել մարդկանց, ովքեր քաղաքական շահարկումներից զատ, կներկայացնել ռեալ ծրագրեր։ Երբ որ ասվում է «առանց Նիկոլ Հայաստան», ես ուզում եմ հասկանալ, թե ինչպիսին է այդ առանց Նիկոլ Հայաստանը, առանց Նիկոլ Հայաստանում Արցախի կարգավիճակն ինչպիսին է, անվտանգության ճարտարապետությունը ինչպիսին է․․․ Ես ուզում եմ տեսնել մի ուժ, որը հիմնականում կազմված կլինի տեխնոկրատ կառավարիչներից, ովքեր կկայունացնեն իրավիճակը»։
Ղարաբաղյան պատերազմից հետո «Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցությունից դուրս են եկել, բայց մանդատը պահել են հինգ պատգմավորներ՝ Աննա Գրիգորյանը, Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը և Սոֆյա Հովսեփյանը։ Սակայն «Իմ քայլը» խորհրդարանում դեռ ունի սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ ձայներ։
Հարցին, թե արդյոք իրենց չի մտահոգում, որ այս օրինակները կարող են վարակիչ լինել և «Իմ քայլը» կկորցնի կայուն մեծամասնությունը, խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ - «Դուրս էկած պատգամավորներից գետ մեկը մեր համար անակնկալ չի եղել, և իրենցից շատերի հետ անհամաձայնությունները եղել են նաև մինչպատերազմական իրավիճակը։ Դրան մենք որևէ անհանգստությունով չենք նայում։ Ավելի շատ, կարծում եմ, իրենք անհանգստանալու բան ունեն, որովհետև այսօրվա քաղաքական իրականությունը ի ցույց է դնում այն, որ ունենք մի շատ տարօրինակ իրավիճակ, երբ իշխանությունը առաջարկում է, նույնիսկ ցանկանում է արտահերթ ընտրություններ, և ընդդիմախոսները և ընդդիմությունը վախենում են։ Ես դա բացատրում եմ այն պարզ, հասարակ պատճառով, որ իրենք քաջ գիտակցում են, որ իրենք չեն ընտրվելու և չեն կարողանալու քաղաքական պատկերը փոխել»։