Ըստ Վահան Քերոբյանի, անցած տարի Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 8,5 տոկոս

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, 14-ը հունվարի, 2021թ.

Անցած տարի Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 8,5 տոկոս, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով անկման ամենաբարձր թիվը, քան մինչ այս ներկայացրել էին պետական մարմինները՝ կառավարության ու Կենտրոնական բանկի ներկայացուցիչները։

Անցած ամիս Ազգային ժողովի կողմից հաստատված 2021 թվականի պետական բյուջեի համաձայն, 2020-ը Հայաստանը փակել է 7,9 տոկոս տնտեսական անկմամբ, սակայն սա, այսպես ասած, վերջնական թիվը չէ, այլ սպասում է։ 2020 թվականի տնտեսական անկման պաշտոնական ավարտուն գնահատականը կհրապարակվի այս ամսվա վերջին։

Երբ 2019-ին հաստատվեց 2020 թվականի պետական բյուջեն, ակնկալվում էր, որ անցած տարին Հայաստանի տնտեսությունը կփակի 4,8 տոկոս աճով։

Այսօր Քերոբյանին հարցրեցին, թե անկումը տնտեսության ո՞ր ճյուղերում է ավելի շատ դրսևորվել։ «Ներմուծում, արտահանում, սպառում։ Մոտավորապես 20 տոկոս այդ երեք ոլորտներում կա անկում», - պատասխանեց Քերոբյանը։

Իսկ, թե նախնական տվյալներով ինչքա՞ն կսահմանվի տնտեսական անկումը, էկոնոմիկայի նախարարն արձագանքեց. «8,5 տոկոս տնտեսական ակնում կլինի, իմ կարծիքով»։

Իսկ, թե 2021 թվականից ի՞նչ ակնկալիք կա, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Կրկնում եմ՝ իմ կարծիքը և իմ լավատեսությունը տնտեսության նկատմամբ չի փոխվել։ Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է»։

Ըստ 2021 թվականի պետական բյուջեի, այս տարի հայաստանյան տնտեսությունը կաճի 3,2 տոկոսով։

Անցած տարվա տնտեսական անկումն էլ հաշվի առնելով, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը տնտեսական անկումներ ապրել է հինգ տարի՝ անկախության հռչակման և հաջորդած երկու տարիներին. ըստ Վիճակագրական կոմիտեի, 1991-ին՝ 11,7 տոկոս, 1992 թվականին՝ 41,8 տոկոս և 1993-ին՝ 8,8 տոկոս անկում։ Այնուհետև, միջազգային ֆիանանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքով՝ 2009 թվականին 14,1 տոկոս անկում, և 2020-ին։

Կառավարության այսօրվա նիստում երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ բոլորիս հաջողություն մաղթել այս դժվար ժամանակաշրջանում, որպեսզի մեր պարտականությունները կարողանանք պատշաճ մակարդակով կատարել և երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից։ Սրա համար մեզ պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր և առանձնահատուկ փոխհամագործակցություն և կառավարման նոր որակ բերել մեր երկրին, գործադիր մարմնին», - հայտարարեց վարչապետը։

Տնտեսագիտության դոկտոր Հեղինե Մանասյանն անգամ հնարավոր համարեց, որ 2020 թվականի հայաստանյան տնտեսական անկումը ավելի մեծ կլինի, քան 8,5 տոկոսն է, և նման անկումը կարող է կառուցվածքային փոփոխությունների հանգեցնել տնտեսությունում։

«Շատ հնարավոր է, որ տնտեսական աճի մեջ ավելի քիչ ավանդ բերի գյուղատնտեսությունը, շինարարության ծավալները կավելանան, բայց կարծում եմ, որ ծառայությունների ոլորտը հաստատապես կշարունակի մնալ անփոփոխ համեմատած 20 թվականի հետ, որովհետև արդեն հայտնի է, որ COVID-ի հետ կապված սահմանափակումները ևս կես տարով երկարաձգվում են», - նշեց Մանասյանը։