2009 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանի տնտեսությունը անկում ապրեց։ 2020-ի տարեկան տնտեսական ցուցանիշները պաշտոնապես կամփոփվեն հունվարի վերջին, սակայն իշխանության ներկայացուցիչները խոսում են 7 տոկոսից 8 տոկոս տնտեսական անկման մասին. կառավարության ու Կենտրոնական բանկի անդամները անցած տարվա նոյեմբերին նշում էին 7 տոկոս թիվը, բայց արդեն տարվա վերջին «Ազատության» հետ զրույցում չէին բացառում 8 տոկոսանոց անկումը։
Հայաստանի Հանրապետությունը տնտեսական անկումներ ապրել է հինգ տարի՝ անկախության հռչակման և հաջորդած երկու տարիներին. ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 1991 թվականին 11,7 տոկոս, 1992-ին՝ 41,8 տոկոս և 1993-ին՝ 8,8 տոկոս անկում։ Այնուհետև, միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքով՝ 2009 թվականին 14,1 տոկոս անկում և անցած՝ 2020-ին։
Իշխանության ներկայացուցիչները անցած տարվա տնտեսական անկման երկու հիմնական պատճառ են նշում՝ կորոնավիրուսն ու ղարաբաղյան պատերազմը, թեև երբ հաստատվում էր 2020թ. պետական բյուջեն, ակնկալվում էր, որ տարվա արդյունքում Հայաստանը կունենա 4,8 տոկոս տնտեսական աճ։
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանի խոսքով, նման արհավիրքները չէին կարող իրենց բացասական ազդեցությունը չթողնել երկրի տնտեսության վրա։ Ընդ որում, եթե համավարակն ունեցավ գլոբալ բացասական հետևանք ու, բնականաբար, անդրադարձավ նաև հայաստանյան տնտեսությանը, ապա պատերազմն ուղղակի խորացրեց բացասական բոլոր միտումները։
«Արհավիրքներով հարուստ տարի էր 2020-ը, և մենք նկատեցինք, այո, կորոնավիրուսի առաջին ալիք, պատերազմ և նաև կորոնավիրուսի երկրորդ ալիք. կորոնավիրուսը համաշխարհային մարտահրավեր և պատերազմն արդեն մեր հանրապետության վրա ազդող բացասական զարգացումը և նաև դրանով պայմանավորված ակնկալիքներ, անորոշություններ: Այնուհանդերձ, եթ մենք դիտարկենք, զուտ թվերի լեզվով խոսենք, մենք այս բոլոր բացասական զարգացումներով հանդերձ 2020 թվականի համար կանխատեսում ենք մոտավորապես 8 տոկոսանոց անկում», - նշեց Մանուկյանը:
ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանի խոսքով, իշխանությունները իրականությունը մեղմ են ներկայացնում։
«Տարին, իսկապես, բավականին լուրջ մարտահրավերներ էր իրենից ներկայացնում մեր տնտեսության համար և մեր կենտրոնի կանխատեսումները մի քիչ ավելի վատատեսական են կարծում ենք, որ 2020 թվականին կարձանագրվի 8-8,5 տոկոս տնտեսական անկում: Պետք է նշել, որ դրանք որոշակի օբյեկտիվ հանգամանքներ կային, որոնք ընկած են այդ տնտեսական անկման հիմքում, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ կառավարության գործողությունները չի կարելի լավ գնահատել տնտեսական այս իրավիճակում պայքարի առումով, գործողությունները լավ չի կարելի գնահատել: Ավելի շուտ բավարար և առանձին դեպքերում նույնիսկ անբավարար կարելի է գնահատել: Ինչ վերաբերում է երկրորդ արհավիրքին՝ պատերազմին, պետք է նշել, որ պատերազմի ազդեցությունը մեծ հաշվով մեր տնտեսության վրա դեռևս չենք զգացել», - նշեց Ֆանյանը:
Տնտեսագետի գնահատմամբ, սխալ է կարծել, թե, օրինակ, պատերազմի հետևանքները կսահմանափակվեն միայն 2020 թվականով. «Ես նկարագրում եմ այս իրավիճակը նաև հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները՝ վստահության ճգնաժամ: Վստահության ճգնաժամի պայմաններում մենք զգալու ենք բավականին երկար ժամանակահատված: Պատկերացրեք երկրաշարժի նման, երբ որ տեղի է ունեցել երկրաշարժ, սակայն այդ ալիքները որոշ ժամանակ հետո նորից կրկնվում են, և մեր պարագայում այդ ցնցումը տեղի է ունեցել, բայց հետևանքները մենք զգալու ենք միջնաժամկետում, եթե ոչ նույնիսկ երկարաժամկետ»:
Գործարար, փոքր ու միջին ձեռնարկությունների շահերի ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանի գնահատմամբ, 2020 թվականը վատ տարի էր գործարար աշխարհի համար։
«Տարին սկսեցինք փետրվարի կեսերից արդեն հարվածները գնացին, վախերը, տնտեսական ճգնաժամը աշխարհով սկսվեց, մարտից արդեն Հայաստանում կարանտին հայտարարվեց և փակվեցին շատ բիզնեսներ: Ամառային ամիսներին, երբ պետք է բիզնեսն արդեն պատրաստվեր, որ աշնանային և ամանորյա գնումներ և այլ վաճառքներ, տնտեսական աշխուժություն, ունեցանք այն, ինչ ունեցանք՝ պատերազմը: Այսինքն երկու լուրջ հարված ստացավ բիզնեսն այս տարի», - ասաց գործարարը:
Ըստ Գրիգորյանի, կան ոլորտներ, օրինակ, զբոսաշրջությունը, ուր վիճակը պարզապես աղետալի է. «Տուրիզմի հետ կապված բոլոր բիզնեսները ոչ միայն փակվեցին, այլ նաև կուտակեցին լուրջ պարտքեր և լուրջ խնդիրների առաջ կանգնեցին»:
Պատգամավոր Արտակ Մանուկյանն, այդուհանդերձ, ասում է, թե գրեթե ցանկացած ճգնաժամից հետո տնտեսությունները դուրս են գալիս վերափոխված՝ նախևառաջ կառուցվածքային առումով։ Հայաստանի պարագայում ևս անկումները, ճգնաժամերը շարունակվել են փոփոխություններով՝ 1990-ական թվականների առաջին կեսից, ինչպես նաև 2009թ. ճգնաժամից հետո, երբ տնտեսության մոտ մեկ քառորդը կազմող շինարարության տեսակարար կշիռը նվազեց։
«Նաև չմոռանաք, որ նույնիսկ վերջին հրապարակած տվյալներով մեր արտահանումն ավելի քիչ է տուժել, քան ներմուծումը: Սա խոսում է նաև նրա մասին, որ որոշակի այս մասով դիվերսիֆիկացիա կա, նաև սա պայմանավորված է գյուղատնտեսական արտադրանքի համեմատաբար ավելի մեծ կշռով, որը արտահանելի մեր համար ճյուղ է», - ընդգծեց Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով, թե որքան արդյունավետ են իշխանությունների քայլերը՝ մեղմելու տնտեսական անկման հետևանքները, դեռ վաղ է ասել. «Կարող են տարբեր կարծիքներ հնչել, իմ համար դա թվերն են: Չնայած այս բոլոր զարգացումները, ներառյալ պատերազմական գործողություններով պայմանավորված անորոշությունները, տարին կամփոփենք մոտ 8 տոկոս անկմամբ: Երբ որ այն ժամանակաշրջանում ավելի նվազ մարտահրավերներով լեցուն, պրոֆեսիոնալների կառավարության ժամանակաշրջանում մենք արձանագրեցինք 14,1 տոկոս անկում»:
Սամսոն Գրիգորյանի փոխանցմամբ, 2020 թվականի ընթացքում գործարար աշխարհը որոշակի առումով զգաց կառավարության աջակցությունը, սակայն դա բավարար չէր։
«Կառավարությունը փորձեց անել ինչ-որ բան, բայց եկեք իրականությունից չկտրվենք, հնարավորություն չի ունենա կառավարությունը այնքան գումար տրամադրել բիզնեսին, որ նա կարողանա իր ծախսերը փակել, այսինքն աշխատակիցների վճարել, կոմունալ ծախսեր փակել և վարձավճարներ փակել», - ասաց Գրիգորյանը:
2021 թվականի պետբյուջեի համաձայն, այս տարի Հայաստանը կունենա 3,2 տոկոս տնտեսական աճ:
«Ազատության» հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել և լսել ստորև.